Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արթուր Ք.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Արթուր Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Ս.-ից խաբեությամբ հափշտակել է 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող ընդհանուր մոտ 1.500 գծամետր խողովակների արժեքը կազմող 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումար:
2005թ. օգոստոս ամսին ստանձնելով Արմեն Ս.-ի և նրա գործընկերների կողմից ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ մոտ 4.500 գծամետր խոշոր տրամաչափի խողովակներ ձեռք բերելու գործընթացում նրանց օժանդակելու առաքելությունը, խողովակների անհրաժեշտ քանակությունից շուրջ 2.500 գծամետրի ձեռք բերման դիմաց Արմեն Ս.-ից մաս-մաս ստացված ընդհանուր՝ 270.000 ԱՄՆ դոլարից 103.408 ԱՄՆ դոլարը «Ցեոֆոս» ՓԲԸ տնօրեն Վարդան Ե.-ին փոխանցելով, ձեռք է բերել 930.27 գծմ.՝ 1.200 մմ տրամաչափի խողովակներ: Այնուհետև՝ մնացած մոտ 1.500 գծամետր խողովակների ձեռք բերման համար նախատեսված գումարները խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով Մասիսի «Միկ Մասիս» ՓԲԸ բազյում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով Արմեն Ս.-ի վստահությունը, 2005թ. սեպտեմբեր ամսին, նրա կողմից ուղարկված՝ վերջինիս գործընկեր Արմեն Գ.-ին, խաբեությամբ մատնացույց է արել հիշյալ բազայում առկա՝ իրականում իր կողմից չգնված և այլ անձին պատկանող՝ 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող ընդհանուր՝ մոտ 1.500 գծմ խողովակները և այդ կերպ Արմեն Ս.-ի մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք արդեն գնված են և պատկանում են իրենց, խաբեությամբ հափշտակել է նրանից ստացված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումարը՝ Արեմն Ս.-ին պատճառելով խոշոր չափերի գույաքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net