«Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն հին թվագրումով 9 շիշ ալկոհոլային խմիչքներ է իրացրե՞լ

«Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության` տեսչության պետի 2011 թվականի հուլիսի 26-ի թիվ 155947 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

2011 թվականի մարտի 17-ին կազմված արձանագրության համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հին թվագրումով 9 շիշ ալկոհոլային խմիչքներ է իրացրել, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով արգելվում է։

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի 2011 թվականի հուլիսի 26-ին կազմված թիվ 155947 որոշմամբ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանի նկատմամբ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինիս մոտ քաղաք Երևան, Ամիրյան 1 հասցեի 2-րդ հարկի «Cucina» իտալական խոհանոցի խմիչքների ցուցասրահում առկա են եղել 2005-2007 թվականների թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային մի քանի խմիչքներ։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.12-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության սահմանած որոշակի թվագրումով, դրոշմանիշով և /կամ հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշվաց գներով չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով։ Հայցվորի պնդմամբ` իրավանորմը պատասխանատվություն է նախատեսում այդ ապրանքների իրացման և ոչ թե պահելու կամ ցուցադրելու համար։

Սույն գործով դատարան արձանագրել է, որ տվյալ դեպքում հայտնաբերված թվով 9 շիշ ալկոհոլային խմիչքները գտնվել է վաճառասրահի հատուկ կահավորված վայրում` վաճառելու համար հաճախորդներին տեսանելի մասում։ Սա նշանակում է, որ իրավախախտում թույլ տրված լինելու, այն է` ստուգման պահին ՀՀ կառավարության սահմանած` որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքները վաճառասրահի հատուկ կահավորված վայրում` վաճառելու համար հաճախորդներին տեսանելի վայրում ցուցադրված լինելու փաստն առկա է եղել։

Ինչ վերաբերում է հայցվոր կողմի փաստարկին, որ Օրենսգրքի 170.12-րդ հոդվածով սահմանված տույժի (տուգանքի) չափը կազմում է 600.000 ՀՀ դրամ, մինչդեռ, սույն դեպքում հայցվորի նկատմամբ սահմանվել է 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք, ապա դատարանը գտնել է, որ սույն դեպքում վիճարկվող որոշմամբ Օրենսգրքի 170.12-րդ հոդվածով սահմանված 600.000 ՀՀ դրամի փոխարեն 300.000 ՀՀ դրամ տույժի կիրառումը չի վկայում հայցվոր կողմի որևէ իրավունքի կամ ազատության խախտման մասին` դատարանը գտնում է, որ այդպիսի իրողությունը թիվ 155947 որոշումն անվավեր ճանաչելու հիմք չէ։

Դատարանը վճռեց Ալեքսանդր Աբրահամյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության` 2011 թվականի հուլիսի 26-ի թիվ 155947 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Ներկայումս սույն վճիռը հայցվորի կողմից վիճարկվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել