Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում օրենքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։ Նման դեպքերում, եթե ամուսինների միջև կնքվել էր ամուսնական պայմանագիր, ապա այն, որպես կանոն, ճանաչվում է անվավեր:
Պետք է նշել, սակայն, որ ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա։
Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս իրավունք ունի կիրառելու Ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը, ինչպես նաև լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։
Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։
Աղբյուրը՝ Իրավաբան.net