Վատ լուրեր ունեմ, կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել․ վարչապետ

Համաճարակային իրավիճակը Հայաստանում վատ է։ Բուժհաստատություններ արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող անձիք, որոնց չեն կարողանում ժամանակին հոսպիտալացնել։ Կորոնավիրուսի 697 դեպք է արձանագրվել մեկ օրում։

Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսն է, որոնց մոտ հետագայում բարդություն է առաջանում։

Մեր առողջապահական համակարգը ճկվում է ու հիմա մենք ասիմպտոմ հիվանդներին պետք է երկու խմբի բաժանանենք, ասիմպտոմներ, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են ու ասիմպտոմներ, որ չգիտեն՝ հիվանդ են։ Ես օրինակ ո՞նց եմ իմացել, որ հիվանդ եմ, ախտանշաններ չեմ ունեցել։ Ես պրոֆիլակտիկ, 15 օրը մեկ թեստ եմ հանձնում և այդ այցից առաջ, ուղղակի իմ օրն էր, համ էլ պետք է գնայի զորամաս ու հանձնեցի և դրական էր թեստը»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ բոլորը բոլորին պետք է վերաբերեն որպես վարակակակիր, քանի որ գիտեն՝ երկրում կա 20, 25 միգուցե 30 հազար ասիմպտոմ հիվանդ։

Նա հայտարարեց, որ երկրում պետք է հակահամաճարակային շարժում սկսվի, պետք է քաղաքացիները պահեն սահմանված կանոնները, իսկ դրանք չպահպանող քաղաքացիներից պահանջեն դրանց կատարումը, լուսանկարեն և տեսանկարահանեն խախտումները, հրապարակեն սոցցանցերում, ինչն ուշադրության կարժանանա և իրավապահ մարմինների կողմից հատուկ ստեղծված խմբի ուշադրությանը։

«Պարետատանն ունենք մի քանի սցենարներ, և այդ սցենարներից մեկը կկիրառենք»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ երեկ կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահ, ևս 9 այլ մահ, երբ քաղաքացիներն ունեցել են կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել