Զինվորն անդամախեղել էր իրեն, ապա տվել սուտ մատնություն

Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 1-ին մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, կոչումով շարքային Հենրիկ Կարապետյանին Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունը մեղադրանք է առաջադրել զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով իրեն անդամախեղելու համար:

Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Հենրիկ Կարապետյանը 2011թ. հուլիսի 31-ին, ժամը 08:50-ի սահմաններում, գտնվելով մարտական ծառայության մեջ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետի թիվ 7 դիտակետում, իրեն կցված ինքնաձիգով դիտավորությամբ ինքն իր վրա է կրակել` պատճառելով առողջությանը ծանր վնաս:

Ստացած մարմնական վնասվածքների պատճառով Հենրիկ Կարապետյանը ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 19.10.2011թ. թիվ 1910 որոշմամբ ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ և զորացրվել ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

Բացի այդ նա 02.08.2011թ. իր հարցաքննության ժամանակ տեղեկանալով, որ համածառայակից և դեպքի պահին իր հետ թիվ 8 դիտակետում մարտական ծառայություն կատարած շարքային Դավիթ Գագիկի Հարությունյանը ցուցմունք է տվել իր կողմից ծառայությունից ազատվելու վերաբերյալ արտահայտած մտքերի շուրջ, 26.09.2011թ-ից սկսած առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն;

Հենրիկ Կարապետյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սկզբում կատարվող քննչական փորձարարության ժամանակ, ապա հանցագործության մասին գրավոր հաղորդում տալով նշել է, որ իրեն հրազենային մարմնական վնասվածքը պատճառել է Դավիթ Հարությունյանը` իր ինքնաձիգից կատարած կրակոցի արդյունքում, իսկ 26.01.2012թ. ցուցմունք է տվել, որ Դավիթ Հարությունյանն իրեն կյանքից զրկելու դիտավորությամբ է ինքնաձիգից կրակել իր վրա:

Որպես իրեղեն ապացույց է ճանաչվել 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճը, ինքնաձիգը, Հ. Կարապետյանի հագին եղած զինվորական շապիկը, զինվորական բաճկոնը, զինվորական ձմեռային բաճկոնը և զրահաբաճկոնը:

Հենրիկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել