Ինչպե՞ս երկարացնել անձնագրի վավերականության ժամկետը, եթե գտնվում եք արտերկրում

Օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացու անձնագրի հետ կապված հարցերի լուծման համար քաղաքացին պետք է անձամբ դիմի այդ երկրի հյուպատոսական հիմնարկ:

«Հյուպատոսական հիմնարկի կողմից ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության և (կամ) օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետները երկարաձգելու համար ներկայացվում են`

1) դիմում,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զորակոչային տարիքի անձանց) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ»,-Իրավաբան.նեթ-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Հյուպատոսական հիմնարկը անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ՀՀ քաղաքացու անձնագրի և (կամ) օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետների երկարաձգում` անձնագրում կատարելով համապատասխան նշում:

Փաստաբանի խոսքերով. «ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է 5 տարի ժամկետով: Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը»:

Նախազորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի օտարերկրյա պետություններում վավերականությունը երկարաձգվում են մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` թույլատրված տարկետման ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել