Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Բարսեղյանի 31.08.2012թ. թիվ 53 հրամանով Լաուրա Այվազյանն ազատվել է Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց ՓԲԸ-ի դասատուի պարտականություններից, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի և 123-րդ հոդվածի հիմքով վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն գործատուն իրավունք ունի սույն oրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.
2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.
3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը:
Տվյալ դեպքում Հայցվորը պնդել է, որ Պատասխանողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսացել վերջինիս վարքագիծը, որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող, երաժշտական դպրոցի բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը համարվում է անհամատեղելի տվյալ աշխատանքը շարունակելու համար, միաժամանակ ծնողների կողմից ներկայացված զեկուցագիրը:
ՀՀ աշխատանքային oրենuգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքային կարգապահությունն աշխատանքային oրենuդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով uահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները, իuկ համաձայն 2-րդ կետի` կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների` աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատաuխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգuտի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուuանքի և կարգապահական պատաuխանատվության միջոցները, ինչպեu նաեւ աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մաuին գրավոր բացատրություն: Եթե գործատուի uահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Տվյալ դեպքում, գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ գործատուն Հայցվորից գրավոր բացատրություն է պահանջել նրան վերագրվող խախտման մասին, մինչդեռ դա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի իմպերատիվ պահանջն է և կարգապահական տույժը կարող էր կիրառվել բացատրությունը ներկայացնելուց, կամ այդպիսին գործատուի uահմանած ողջամիտ ժամկետում առանց հարգելի պատճառների չներկայացնելուց հետո:
Այսպիսով, դատարանը գտել է, որ գործատուի հրամանը ենթակա է անվավեր ճանաչման:
Աղբյուրը` Իրավաբան.net