«Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊԸ-ն դեռ տուգանքը չի վճարի

«Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` վերջինիս 30.03.2012թ. թիվ 2332865/1 ակտի 3-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ 04.07.2012թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունը հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊԸ-ի` 3.146.200 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին` միաժամանակ միջնորդելով կիրառել հայցի ապահովման միջոց։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն` ի դեմս օպերատիվ հետախուզության վարչության, կատարել է «Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊ ընկերության հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության իրականացման և վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգում, որի արդյունքում 30.03.2012թ. ընդունել է թիվ 2332865/1 ակտը։ Ակտի 3-րդ կետով ընկերության նկատմամբ տուգանք է նշանակվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով՝ 3.146.200 դրամի չափով։

Ակտի 3-րդ կետով նշվել է. ««Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊԸ-ն ք. Գյումրի, Մանուշյան 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքի առանձնացված որոշ մասեր վարձակալությամբ համապատասխան վարձակալական պայմանագրերով հանձնել է իրավաբանական անձանց և այլ ձեռնարկատերերի` նրանց կողմից տնտեսական /այդ թվում առևտրական/ գործունեություն իրականացնելու համար։»։ Նույն կետով ակտը կազմող պաշտոնատար անձինք ընկերության կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպումը, որպես կազմակերպչի, դիտել են սպառողական ապրանքների շուկայի կազմակերպումը:

Դատարանն արձանագրում է, ոչ ոչ ակտով և ոչ էլ դատաքննությամբ չհաստատվեց, որ հայցվոր ընկերությունը ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում հանդիսացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ՝ իրականացնելով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն։ Ստուգման ակտի 3-րդ կետով արձանագրվել է նաև, որ 24.03.2009թ. մինչև 23.12.2010թ. ընկած ժամանակաշրջանում իրացման շրջանառությունը կազմել է 6292400 դրամ, որի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ հաշվարկվել է 3146200 ՀՀ դրամի չափով տուգանք։

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության կողմից 30.03.2012 թվականի թիվ 2332865/1 ակտի 3-րդ կետը ենթակա է անվավեր ճանաչման։

Ուստի դատարանը վճռեց՝ «Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊԸ-ի հայցը բավարարել։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 30.03.2012թ. թիվ 2332865/1 ակտի 3-րդ կետը ճանաչել անվավեր։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ «Գրիգորյանների ՄՈԺ» ՍՊԸ-ի` 3.146.200 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել։

Սույն վճռի դեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք է բերել ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել