Բնակարանից չվտարվեց

Վաղինակ Խոսրովյանն իր ներկայացուցիչ Անաիտ Ալոյանի միջոցով 05.04.2012թ-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Իզոլդա Իլլարիոնի Իլևայի, Մարիա Թորոսյանի, Մարիաննա Սարգսյանի, Աննա Սարգսյանի և Արտակ Սարգսյանի`բնակարանից վտարելու պահանջի մասին:

Դատարանը, լսելով կողմերի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով գործի փաստաթղթային տվյալները և գնահատության ենթարկելով դրանք, գտել է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես 1979թ-ին, երբ բաշխվել է վիճելի բնակարանը, այնպես էլ 1983թ-ից գործող ՀՍՍՀ բնակարանային օրենսգրքի 49 հոդվածը նախատեսել է, որ հատկացված բնակելի տարածությունը զբաղեցնելու միակ հիմքը հանդիսանում է օրդերը:

Համաձայն Վանաձորի համայնքի ղեկավարի 19.12.2011թ-ի գրության` Վաղինակ Խոսրովյանը 30.06.1997թ-ի Քաղխորհրդի Գործկոմ է ներկայացրել բնակարանի սեփականաշնորհման համար դիմում, որը գրանցվել է 20470 համարի տակ: Անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով գործին ընթացք չի տրվել: Սեփականաշնորհման գործընթացն ավարտվելու հետևանքով ուժը կորցրած է ճանաչվել նաև սեփականաշնորհման մասին նախկին տրված դիմումները:

Հայցվորի ներկայացուցիչը հայցվորի ընտանիքի անվամբ նախկինում օրդեր ունենալու հանգամանքը հիմնավորում է նրանով, որ Աղայան փողոցի 74 շենքը Քաղխորհրդի Գործկոմի որոշմամբ բաշխվել է 1979թ-ին, հայցվորն, ըստ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 203497 տեղեկանքի, 33 բնակարանում հաշվառվել է 1979թ-ին, կինը` 1980թ-ից, աղջիկը` 1995թ-ից, հետևապես հայցվորն ունեցել է օրդեր, որի հիմքով բնակվել է հատկացված բնակարանում:

Ըստ հայցվորի ներկայացուցչի` դրա մասին է վկայում նաև Վանաձորի համայնքի ղեկավարի գրությունը, որ 1997թ-ին հայցվորը ներկայացրել է սեփականաշնորհման դիմում, սակայն դիմումը քննության չի առնվել անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով: Հատկանշական է, որ հայցվոր կողմը քաղաքապետարանից չի պահանջել իր կողմից 1997թ-ին ներկայացված փաստաթղթերը կամ եթե դրանք բացակայում են `տվյալներ դրանց պատճառի մասին:

Նման պատճառաբանության հետ դատարանը համաձայնվել չի կարող, քանի որ այն ընդամենը ենթադրություն է և չի բացառվում, որ բնակարանի սեփականաշնորհումը 1997թ-ին չի իրականացվել հենց բնակարանի օրդերը չներկայացնելու պատճառով:

Հայցվորի և իր ընտանիքի գործողությունները 1989թ-ից երկրաշարժից հետո Հայաստանից մինչև այժմ բացակայելը, բնակարանը լքելը և անտերության մատնելը, շուրջ 23 տարի բնակարանով և նրա վիճակով չհետաքրքրվելը հիմք է տալիս դատարանին եզրակացնելու, որ հայցվորը բնակարանի նկատմամբ օրենքով սահմանված փաստաթղթով իրավունք չի ունեցել և ընդհանրապես հրաժարվել է վիճելի բնակարանի նկատմամբ իր հավակնությունից:

Նշվածը հաստատվում է Նարեկ համատիրության նախագահ Ս. Աբազյանի 12.12.2011թ-ի և 14.05.2012թ-ի գրություններով, ինչպես նաև պատասխանողի կողմից ներկայացրած վիճելի բնակարանի նախկին տեսքի թվով 5 լուսանկարներով, որպիսիք հաստատում են այն հանգամանքը, որ վիճելի բնակարանը, որում հաշվառված են եղել հայցվորները, նրանց կողմից եղել է լքված և դրա հետևանքով քանդված և թալանված վիճակում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել