Պարզաբանում «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» հրապարակման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի ապրիլի 28-ի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ այն ամբողջությամբ հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը։ Լրատվամիջոցը հերթական անգամ հրապարակել է չճշտված տեղեկատվություն:

Այս մասին տեղեկացնումեն ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի 18.02.2019 թվականի հանձնարարագրի համաձայն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում կատարվել է համալիր հարկային ստուգում։ Արդյունքում 21.01.2020 թվականին կազմվել է ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է 1.087.779.911 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Ընկերության կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերը նշված ակտի դեմ դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով։ Բողոքի քննությունը տեղի է ունեցել հանձնաժողովի 21.04.2020 թվականի նիստում, որի արդյունքում ընդունվել է դիմում-բողոքը մերժելու վերաբերյալ որոշում, այսինքն՝ ստուգման ակտը թողնվել է անփոփոխ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին որևէ աշխատակցի՝ հետագայում ցանկացած ընկերությունում աշխատանքի անցնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ ընկերությունում հարկային վարչարարության չիրականացման համար։

Թերթին հորդորում ենք զերծ մնալ ՊԵԿ-ի հանդեպ բացասական ընկալումներ ձևավորելու հերթական փորձերից և «մոտավոր բովանդակությամբ» հոդվածների հրապարակումից: Լրատվամիջոցին ևս մեկ անգամ խորհուրդ ենտ տալիս հրապարակել բացառապես հավաստի տվյալների հիման վրա տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել