Խորհրդարանական լսումներ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ 2012 թ. դեկտեմբերին շրջանառության մեջ դրված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի համահեղինակներն են ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը:

Միջոցառման ժամանակ զեկուցումով հանդես եկավ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Կրծքով կերակրելն ամենակարևորն է երեխայի համար»,- կրկին հիշեցրեց Արա Բաբլոյանն ու հավելեց, որ անգամ գովազդով մայրը չպետք է տեսնի, որ գովազդվող փոխարինիչը բնութագրում են, թե այն լիարժեքորեն կփոխարինի մոր կաթին: Փոխարինիչի ստեղծումն ու օգտագործումը կարևոր է միայն այն ժամանակ, երբ երեխային հնարավոր չէ մայրական կաթով վերակրել:

Ըստ հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ առաջարկվող նախագծերի փաթեթը նպատակ ունի լուծելու առկա հիմնախնդիրները, նպաստելու կրծքով կերակրման խրախուսմանը և կարգավորելու մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման և գովազդի հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագծում ընդգրկված են նաև բժշկական հաստատությունների և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դրույթներ, մայրերին կրծքով կերակրման առավելությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և այլն: Օրենքում նշված են նաև բացառության այն դեպքերը, երբ մանկական սնունդը կարող է տրամադրվել անվճար կամ ցածր գներով:

«Ինչպես հայտնի է, Միավորված Ազգերի Կազմակերպության Հազարամյակի հռչակագրով սահմանված Հազարամյակի մարտահրավերների 8 նպատակներից 1-ը վերաբերում է մանկական մահացության նվազեցմանը: Պատշաճ սնուցումը յուրաքանչյուր երեխայի առողջ աճի ու զարգացման գրավականն է: Այն ամրագրված է «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում»: Մեր գերական խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում երեխաների սնուցմանն առնչվող միջազգային նորմերի և չափանիշների ապահովումը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

«Երեխաներին կրծքով կերակրման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միաժամանակ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել