Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում (հղում տանք նախորդ հոդվածին), օդանավակայանում ավիացիոն անվտանգության հսկողությունն ապահովվում է միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների զննման միջոցով:
Օդանավակայանում ուղևորները պետք է տեղեկացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների մասին: Այդ տեղեկատվությունը նրանց հաղորդվում է օդանավակայանի ռադիոբարձրախոսային ցանցով` հայերեն և միջազգայնորեն ընդունված որևէ լեզվով, իսկ ուղևորների հաշվառման ու գրանցման վայրերում և զննման կետերում` տեղադրված ցուցատախտակների միջոցով:
Օդանավերի թռիչքների անվտանգության, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության ապահովման նպատակով արգելվում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրել զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու առարկաներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի:
Ուղևորների կողմից օդանավ արգելված նյութերի ու առարկաների փոխադրումը կամ փոխադրման փորձն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Ուղևորներին խստորեն արգելվում է կողմնակի անձանցից փոխադրման համար ընդունել ծանրոցներ, արկղեր, փաթեթներ և այլ առարկաներ, ինչպես նաև իր ուղեբեռը վստահել (նույնիսկ կարճ ժամանակով) անծանոթ անձանց:
Զննման կետերի մուտքերի մոտ պետք է փակցվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի ցանկը:
Աղբյուրը` Իրավաբան.net