«Atlantis European Airways» ավիաընկերությունն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անվճար կտեղափոխի Երևան, որից հետո ինքնաթիռի ողջ անձնակազմը կինքնամեկուսանա

«Atlantis European Airways» ավիաընկերության թռիչքների անվտանգության և որակի հսկողության մենեջեր Նատալյա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում, որում գրանցված է Նատալյա Վլադի անունով, գրառում է կատարել՝ հայտնելով, որ մարտի 14-ի վաղ առավոտյան «Atlantis European Airways» ավիաընկերության անձնակազմն ու ուղեկցորդների խումբը մեկնել են Մոսկվա, որտեղից էլ՝ Հռոմ, որպեսզի Երևան վերադարձնեն Իտալիայում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիներին: Նատալյա Վլադին գրել է.

«Մենք, իհարկե, մեր երկրում այնքան էլ հայտնի չենք, ինչպես «Ryanair-ը», որը 35 եվրոյով էժան ճանապարհորդություններ նախընտրողներին տարավ մեկ ուղղությամբ և, հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները, դադարեցրեց թռիչքներն Իտալիա: Եվ ահա, հենց մեր ավիաընկերությունն ու իր ղեկավար կազմն է որոշում կայացնել բերել մեր հայերնակիցներին անվճար:

Թռիչքի ժամանակ թե անձնակազմի անդամներին, թե ուղևորներին կցուցաբերվի պրոֆեսիոնալ մոտեցում: Ուղևորներին կտրվեն դիմակներ և ձեռնոցներ, որպեսզի նրանք խուսափեն ցանկացած շփումից: Մենք բոլորս անհանգստանում ենք այս թռիչքի, մեր ընկերների ու գործընկերների համար, բայց, միևնույն ժամանակ, վստահ ենք նրանց պրոֆեսիոնալիզմի վրա, քանի որ մենք բոլորս նախկին «Արմավիայի» աշխատակիցներն ենք, որը տարիներ շարունակ ծառայել է իր երկրին:

Հիշեք 2012 թվականին մեր քաղաքացիների տարհանումը Դամասկոսում և Բեյրութում գտնվող պատերազմական գոտուց: Դա մենք էինք: Հիմա էլ հենց մենք՝ նախկին «Արմավիայի» անձնակազմն ու ուղեկցորդները մեկնել ենք Իտալիա: Անձնակազմի անուններ չեմ տա, սակայն նրանց մասին կլսեք հետո: Կարևորն այն է, որ մարտի 16-ին՝ երկուշաբթի երեկոյան մեր բերած բոլոր ուղևորներն առողջ լինեն: Թռիչքից հետո մեր անձնակազմը կինքնամեկուսացվի»,- գրել է Նատալյա Վլադին:

Նա հավելել է, որ վերադարձից հետո կհրապարակի չվերթը նախաձեռնող, կազմակերպող և իրականացնող բոլոր մարդկանց անունները՝ այժմ շնորհակալություն հայտնելով օդանավի Կապիտան Վարդան Սարգսյանից, երկրորդ օդաչու Կարեն Սարգսյանից, տեխնիկական տնօրեն Իշխան Ադամյանից, բորտուղեկցորդների ծառայության ղեկավար Ամալյա Ավետիսյանից, բորտուղեկցորդներ Հայկ Այվազյանից և Սաթենիկ Հարությունյանից, հենց որոնք էլ պատրաստում են թռիչքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել