2019-ին ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է 620 վարչական վարույթ՝ հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի պատճառով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում գործող հասարակական_զուգարաններում սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Որքանով են պահպանվում այդ նորմերը․ սա պարզելու նպատակով 2019 թվականի ընթացքում ԱԱՏՄ կառուցվածքային ստորաբաժանումների սեփական նախաձեռնությամբ հարուցվել է շուրջ 620 վարչական վարույթ։ Վերջիններիս շրջանակում իրականացվող զննումների արդյունքում ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ սահմանվել է 255 տուգանք: Տուգանքի՝ օրենքով սահմանված չափը 40-120 հազար դրամ է՝ կախված հայտնաբերված խախտումների հիգիենիկ ռիսկի մակարդակից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում զննված 330 հասարակական զուգարաններից շուրջ 230-ը համապատասխանեցվել է ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջներին: 100 ԱԳԼՃԿ-ում տեղակայված հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրված։ Դրանց նկատմամբ բացվել են կրկնակի վարչական վարույթներ՝ խնդիրները վերջնականապես լուծելու համար։

Որպես համեմատություն՝ նշենք, որ 2018թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է ընդամենը 9 վարչական վարույթ, որից 8-ի դեպքում սահմանվել է վարչական տույժ՝ տուգանք:

Նման զննումները կրում են շարունակական բնույթ եւ առաջիկայում ներառելու են ավելի լայն շրջանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել