Հին հեռախոսը վաճառելիս մի քանի կարևոր քայլեր է պետք անել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար

Նոր հեռախոս ձեռք բերելուց հետո մարդիկ հիմնականում մտածում են հինը վաճառելու մասին։ Դա անելուց առաջ անհրաժեշտ է համոզված լինել, որ անձնական տվյալները գնորդի համար հասանելի չեն լինի հետագայում։

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ տվյալները ձեռքով ջնջելու հիմնական տարբերակից բացի կան կարևոր մի քանի քայլեր, որ պետք է անել հեռախոսը վաճառելուց առաջ։
«Ստորև կխոսենք այդ քայլերի մասին.

1. Backup (տվյալների կրկնօրինակում)
Տվյալները կրկնօրինակելն ու այլ կրիչի վրա պահելը շատ կարևոր է։ Միշտ կարող է ինչ-որ անկանխատեսելի բան լինել, որի հետևանքով հնարավոր է կորցնեք շատ կարևոր նկարներ, փաստաթղթեր ու այլ տվյալներ։ Տվյալները պարբերաբար backup անելը հնարավորություն կտա ունենալ դրանք այլ կրիչի վրա ևս, արդյունքում մեկ կրիչից դրանք կորցնելու դեպքում չեք կորցնի տվյալներն ընդմիշտ։

iPhone-ի համար

iPhone օգտագործողները կարող են backup անել՝ օգտվելով հենց գործարանային հնարավորությունից, ու տվյալները կրկնօրինակել iCloud-ում։
Դա անելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Settings» -> «Storage & Backup» -> «iCloud backup»
Սա անելու համար դուք պետք է ունենաք iCloud-ի հաշիվ, որ տվյալները պահպանվեն այնտեղ։

Android-ի համար

Քանի որ Android համակարգով աշխատող հեռախոսները չունեն գործարանային ֆունկցիա backup անելու համար, պետք է օգտվել USB-ից։ Հեռախոսը USB լարով միացնել համակարգչին ու սմարթֆոնի տվյալներն ամբողջությամբ պատճենել համակարգչի մեջ։

2. Չմոռնալ հեռախոսից հանել SIM քարտն ու հիշողության քարտը։

SIM քարտը հնարավորություն ունի պահել կոնտակտային տվյալներ, ինչպես նաև հեռախոսահամարը օգտագործում ենք տարբեր հարթակներում գրանցվելու համար։ Ուստի, նախքան վաճառելը պետք է համոզվել, որ դրանք չեն մնում հեռախոսի մեջ ու հասանելի չեն դառնա այլ մարդու։

Իսկ հիշողության քարտի մեջ կարող են լինել կարևոր նկարներ, փաստաթղթեր ու այլ տվյալներ։

3. Factory reset (հեռախոսը բերել գործարանային վիճակի)

Նախքան հեռախոսը նոր տիրոջը հանձնելը անհրաժեշ է մաքրել բոլոր տվյալները։

Իհարկե կա հնարավորություն տվյալները ձեռքով մեկ առ մեկ ջնջելու, բայց իմացեք, որ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ կարող եք ինչ-որ բան բաց թողնել, ու որևէ տվյալ հետագայում հասանելի կդառնա հեռախոսի նոր տիրոջը։

Տվյալներն ամբողջությամբ ջնջելու լավագույն միջոցը Factory reset ֆունկցիայից օգտվելն է, որը հեռախոսից ջնջում է ամեն ինչ ու այն բերում գործարանային վիճակի։

Մի քանի հավելյալ քայլեր, որ կարելի է անել հեռախոսը վաճառելուց առաջ։

1. Անջատել բոլոր սարքերը, որ միացված են հեռախոսին. ականջակալներ, սմարթ ժամացույցներ, կամ WiFi/Bluetooth սարքեր։

2. Դուրս գալ բոլոր հարթակների ձեր հաշիվներից։ Օրինակ՝ Facebook messenger, Gmail, Yahoo Mail, Google, Apple և այլն։
Android-ի համար

Android սմարթֆոններում գրանցված հաշիվները ջնջելու համար պետք է մենյուից մտնել Accounts ու հերթով ջնջել բոլորը։
Iphone-ի օգտատերերը պետք է համոզված լինեն, որ անջատված են Find My Phone ֆունկցիան, Apple ID-ն, և դուրս գան Apple account-ից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել