Նախատեսվում է նվազեցնել հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարները

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Նախատեսվում է, որ պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կկարողանա ընդունել պետական գրանցման,  տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր:

Իրավական կադաստրի տեղեկատվության կազմից  նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերից պատճենների ձևով, ինչպես նաև չնախատեսված այլ տեղեկատվությունը փաստաթղթերից քաղվածքների կամ պատճենների ձևով կտրամադրվեն` հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ գրանցված այլ իրավունքի սուբյեկտներին կամ այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող կամ ունեցած անձանց` իրենց իրավունքների և սահմանափակումների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ, կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց, գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունները՝ այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:

Սահմանների որոշման եղանակը, դրանց ճշտության նկատմամբ տեխնիկական պահանջները, սահմանանիշերի ձևերը կսահմանի անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար կգանձվի  oրենքով սահմանված 1000 դրամի փոխարեն 500 դրամ:

Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ դատական ակտի հիման վրա գույքը կամ դրա մասը օտարելու կամ այլ գույքային իրավունքով ծանրաբեռնելու իրավասություն ունեցող անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով կփոխարինվի նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով:

Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, բացառությամբ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումների:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կազմից տեղեկատվության էլեկտրոնային, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրման կարգը, ժամկետները, մերժման հիմքերը, վճարները, ինչն էլ ավելի կդյուրացնի տեղեկատվություն հայցողների գործողությունները, կկրճատի ժամանակը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել