Սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի. նախագիծ

Ազգային Ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը առաջարկում են ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի սահմանված կարգով:

Նախատեսվում է նաև վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը.

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի ՀՀ հավտարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի  ուսման համար վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան  տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

2. Հոդվածով սահմանված գումարները կվերադարձվեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3. ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կկիրառվի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

Օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից.

1) չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները,

2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Հոդվածով սահմանված՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կսահմանի Կառավարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը կխրախուսի  երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաև աշխատող երիտասարդների  մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել