«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն հանվել բուհերից․ պարզաբանում

Տևական ժամանակ է, ինչ մամուլում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Նախագիծը այս ընթացքում ենթարկվել է կամայական մեկնաբանությունների՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տարբեր անհատների կողմից։

Այս մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակից։

Ոչ թե օրենք, այլ՝ աշխատանքային նախագիծ

Նախ պետք է նկատել, որ օրենքը դեռևս չի ընդունվել։ Խնդրո առարկա հանդիսացող օրենքի նախագիծը այժմ էլ գտնվում է քննարկման փուլում և կարող է ներառել այլ առաջարկներ։ Ավելին, նախագիծը քննարկման նպատակով ուղարկվել է բուհեր, սակայն դիտողություններ կամ առաջարկներ գրեթե չեն ստացվել։

«Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվելու

Տեղեկությունը, թե իբր նախագծով բուհերից հանվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, թյուրըմբռնման արդյունք է։

Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ հիշյալ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

Այլ կերպ ասած՝ այս կամ այն առարկայի պարտադիր կամ ընտրովի լինելու հարցը որոշում է միմիայն տվյալ բուհի գիտական խորհուրդը, որը կազմված է նաև դասախոսներից և ուսանողներից։
Նախագծով ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Այսինքն, տարածվող լուրը, թե օրինագծով նվազեցվում է հայոց լեզվի դերը կրթական համակարգում, ևս կեղծ է։

Օրենքի նախագիծը միտված է հայագիտության զարգացմանը

Այս օրինագծով հստակ ամրագրված է նաև հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։ Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այդ  արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել