Հոկտեմբերի 8-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որի ժամանակ ավագանին որոշում կընդունի Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Կոչումը կշնորհվի Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ՝ հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին ծնվել է 1944թ. դեկտեմբերի 9-ին Երևանում՝ ակադեմիկոս, Պետական Էրմիտաժ թանգարանի տնօրեն, հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու ընտանիքում:
1961-1967թթ. սովորել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության բաժնում:
1965-1966 թթ. վերապատրաստվել է Կահիրեի համալսարանում: 1967-1991թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, ավարտել է ասպիրանտուրան և զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
1973-1976թթ. աշխատել է Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում՝ որպես թարգմանիչ և ուսուցիչ:
Հոր՝ Բորիս Պիոտրովսկու մահից հետո, Միխայիլ Պիոտրովսկին 1991թ. հրավիրվել է Պետական Էրմիտաժ՝ որպես գիտական աշխատանքների գծով տնօրենի առաջին տեղակալ, իսկ 1992թ. հուլիսին ՌԴ կառավարության որոշմամբ նշանակվել է Պետական Էրմիտաժի տնօրեն և մինչ օրս ղեկավարում է այն:
2003թ. հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանային գործի և հուշարձանների պահպանության ամբիոնի վարիչ: 2011թ. ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Հին Արևելքի բաժինը, 2013թ.՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան:
Միխայիլ Պիոտրովսկին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության, ՌԴ մշակույթի նախարարության խորհրդի և Սանկտ Պետերբուրգի գիտական կենտրոնի, Հումանիտար գիտությունների ակադեմիայի գործող և Գերմանիայի հնագիտական ինստիտուտի թղթակից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի կոմիտեի անդամ է, Ռուսաստանի թանգարանների միության նախագահն է: Նա գրականության և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանով և Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանով:
Հաշվի առնելով Միխայիլ Պիոտրովսկու սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Միխայիլ Պիոտրովսկին 2008 թվականին ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Միխայիլ Պիոտրովսկին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ` բարելավման ու կատարելագործման մշակութաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառում և իրականացնում փորձի փոխանակում:
Ավելի քան 250 աշխատությունների հեղինակ է:
Նշվում է նաև, որ «Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։