Մահացել են հյուրանոցի համարում թունավորումից

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ատոմ Արմենակի Մանուկյանի և Էդգար Բորիսի Մատինյանի:

 

 

Ատոմ Արմենակի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ Աբովյանի ԳՀՏՍԾ տարածքային տեղամասում որպես փականագործ, սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ է մատուցել` այն է չի կատարել 02.07.2007թ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-ՋԻ Սեվիս» ՍՊԸ-ի միջև կնքած «Հանձնարարության պայմանագիր» և 31.07.2009թ. տվյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի 3.3.4 կետի` պարտավորությունները և 04.02.2008թ. մինչև 06.09.2011թ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրում գազասպառման համակարգերի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև համապատախան միջոցներ չի ձեռնարկել նշված համալիրի, մասնավորապես` թիվ 1 հյուրանոցային համարի լոգարանում խախտումների առկայության պայմաններում ապօրինի կերպով ինքնակամ տեղակայված ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա էական և ակնհայտ խախտումները վերացնելու համար, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել բնական գազի այրման արգասիքների, մասնավորապես` ածխածնի մոնօքսիդի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայով կուտակում լոգարանում և դրան հարող ննջասենյակում, որն էլ 2011թ. նոյեմբերի 30-ին, կարբօքսիհեմոգլոբինով սուր թունավորման հետևանքով, անզգուշությամբ առաջացրել է «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրի թիվ 1 հյուրանոցային համարի հաճախորդներ` Ա. Կապարյանի և Լ. Ասլանյանի մահը:

 

 

Էդգար Բորիսի Մատինյանը մեղադրվում է այն բանում, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` զբաղեցնելով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի խախտումների բաժնի ավագ ինժեների պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, չի կատարել օրենքով սահմաված կարգով իր վրա դրված պարտականությունները, այն է «Էյ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ-ից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Երեք Խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրի վերաբերյալ ստանալով կետերի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկանք, չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Երեք Խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրում գոյություն ունեցող ապօրինի կետերը հայտնաբերելու, Աբովյանի ԳԳՄ-ում առկա բնակարանի (առանձնատան) գազաֆիկացման աշխատանքային նախագծին համապատասխանեցնելու և վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում 2011թ. նոյեմբերի 30-ին, «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրի թիվ 1 հյուրանոցային համարի լոգարանում առկա ապօրինի կետից միացված տեխնիկական պայմանների բացակայությամբ տեղադրված արագահոս ջրատաքացուցիչի շահագործման արդյունքում ռեստորանի հաճախորդներ` Ա. Կապարյանը և Լ. Ասլանյանը մահացել են կարբօքսիհեմոգլոբինով սուր թունավորումից:

 

 

Ամբաստանյալ Ատոմ Արմենակի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

 

 

Ամբաստանյալ Էդգար Բորիսի Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութություն) 2-րդ մասի հատկանիշներով:

 

 

Ամբաստանյալներ Ատոմ Մանուկյանը և Էդգար Մատինյանը նախկինում դատվածություն չեն ունեցել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել