Իրավաբան.net-ը հայտնում է, որ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը օգոստոսի 12-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է ծառայության կենտրոնական մարմնում և ենթակա քրեակատարողական հիմնարկներում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման կարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է) ։
Հրամանի կատարման վերահսկողությունը ծառայության պետը վերցրել է իր վրա:
Հրամանն ուժի մեջ է մտել օգոստոսի 13-ին:
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Սույնով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ քրեակատարողական ծառայություն) կենտրոնական մարմնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) համապատասխան ծառայողների (աշխատողների) փոփոխության կապակցությամբ, ըստ համապատասխան վերաբերելիության՝ օպերատիվ հաշվառման գործերի և մյուս նյութերի ու փաստաթղթերի, անվանացուցակային գործերի, ծառայողների (աշխատողների) անձնական գործերի, վկայականների, անցագրերի, աշխատանքային գրքույկների, կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերի, բոլոր տեսակի մատյանների և այլ փաստաթղթերի, ինչպես նաև կնիքների, դրոշմակնիքների, զենքի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և այլ նյութատեխնիկական միջոցների (այսուհետ, բոլորը միասին նաև՝ փաստաթղթեր և նյութատեխնիկական միջոցներ) հանձնման-ընդունման գործընթացը:
2. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխության դեպքում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնում-ընդունումն ապահովվում է քրեակատարողական ծառայության պետի հրամանով յուրաքանչյուր դեպքով ստեղծվող հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ հանձնաժողով):
Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար կարող են ներգրավվել այլ ծառայողներ (աշխատողներ), մասնագետներ՝ ոչ որպես հանձնաժողովի անդամներ:
3. Քրեակատարողական հիմնարկում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնում-ընդունումն ապահովվում է քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով յուրաքանչյուր դեպքով ստեղծվող համապատասխան հանձնաժողովի կողմից:
4. Փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման արդյունքներով կազմվում է արձանագրություն (այսուհետ նաև՝ հանձնման-ընդունման արձանագրություն), որում ներառվում են՝ ըստ քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ոլորտների առանձնացված գլուխներում ընդգրկվող ներքոհիշյալ տեղեկությունները.
ա. օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ գործերի և մյուս նյութերի ու փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
բ. ոչ գաղտնի մատյանների, գործերի և մյուս փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
գ. գաղտնի մատյանների, գործերի և մյուս փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
դ. անվանացանկային գործերի, ծառայողների (աշխատողների) անձնական գործերի, վկայականների, անցագրերի, աշխատանքային գրքույկների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
ե. կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերի և հաշվառման մատյանների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
զ. ֆինանսական, նյութատեխնիկական փաստաթղթերի և մատյանների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
է. ըստ համապատասխան վերաբերելիության՝ այլ փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
ը. կնիքների և դրոշմակնիքների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
թ. նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
ժ. զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
ժա. կապի և ահազանգման ազդանշանային ինժեներատեխնիկական միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.
ժբ. ըստ համապատասխան վերաբերելիության՝ այլ նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին:
5. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության կապակցությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունը հաստատվում է քրեակատարողական ծառայության պետի կողմից:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է 1 (մեկ) օրինակից, ինչը որևէ գաղտնի տեղեկություն պարունակելու դեպքում պահվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին բաժանմունքում, իսկ գաղտնի տեղեկության բացակայության դեպքում՝ ընդհանուր բաժնում:
Քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության կապակցությամբ հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը պահվում է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բաժնում, իսկ մյուս օրինակը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին բաժանմունքում:
6. Քրեակատարողական հիմնարկում (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության դեպքի) հանձնման-ընդունման արձանագրությունը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:
Քրեակատարողական հիմնարկում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է 1 (մեկ) օրինակից (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության դեպքի), որը պահվում է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բաժնում:
7. Հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է ազատ շարադրանքով՝ տեքստային և (կամ) աղյուսակային ձևով՝ ըստ քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ոլորտներով առանձնացվող գլուխների:
8. Հանձնման-ընդունման ընթացքում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայության և վերջին հաշվառման տվյալների միջև անհամապատասխանության դեպքերում այդ մասին նշվում է արձանագրությունում և հանձնաժողովի նախագահն անհապաղ, գրավոր զեկուցում է հանձնման-ընդունման արձանագրությունը հաստատող ղեկավար պաշտոնատար անձին՝ քրեակատարողական ծառայության պետին կամ քրեակատարողական հիմնարկի պետին:
9. Հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել նաև հատուկ գրավոր կարծիք, որի մասին նշվում է հանձնման-ընդունման արձանագրությունում, իսկ հատուկ կարծիքը կցվում է նույն արձանագրությանը:
10. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, քրեակատարողական հիմնարկների պետերի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների փոփոխության դեպքում հանձնման-ընդունման կատարումը պարտադիր է: