Կառավարությունը այսօր կսահմանի դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու կարգը

Առողջապահության նախարարը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախահիծ, որով առաջարակվում է սահմանել դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը և դեղատոմսերի ձևերը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով, իսկ դեղատոմսով բացթողնվող այլ դեղերի մասով` 2023 թվականի հունվարի 1-ից:

Մինչև որոշուման ուժի մեջ մտնելը տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

ԿԱՐԳ

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ

(ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ)

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են դեղատոմսեր գրելու, դեղատոմսային ձևաթղթերի տպագրության, բաշխման, հաշվառման, դեղատոմսային (դեղատնից դեղատոմսով բաց թողնման ենթակա) դեղերը բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով), դեղատոմսերը դեղատանը հաշվառելու և պահելու հետ կապված հարաբերությունները: Անասնաբուժական դեղերի դուրս գրման առանձնահատկությունները սահմանված են սույն կարգի IV բաժնում:
  2. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար, բացառությամբ՝ Օրենքով սահմանված դեպքերի:
  3. Դեղատոմսը կարող է գրվել էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով:
  4. Էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրումը, համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի բաց թողնումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հաստատված ուղեցույցի համաձայն:
  5. Էլեկտրոնային առողջապահության համակարգը պետք է ապահովի դեղի` ըստ համընդհանուր անվանման ընտրելու հնարավորություն, բացառելով որևէ դեղի գովազդը:
  6. Դեղատոմսը թղթային տարբերակով դուրս է գրվում միայն այն դեպքում, երբ Էլեկտրոնային համակարգը հասանելի չէ: Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է էլեկտրոնային համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ վերջիններիս պահանջի դեպքում:

  1. ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված և դեղատոմսով գրվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերը լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրվում են դեղատոմսերով:

  1. Դեղատոմս գրելու իրավունք ունեն  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ բժշկական հաստատություն) մոտ աշխատող բժիշկները:
  2. Դեղատոմսը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
  • Բժշկական հաստատության անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ՝ բնակության) վայրը և հեռախոսահամարը.
  • պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը (ամբողջությամբ).
  • պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում, մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.
  • թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեպքում պացիենտի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները.
  • զեղչի չափը` ըստ անհրաժեշտության.
  • նույն դեղատոմսով, դեղատոմսում դուրս գրված նույն քանակով դեղի բաց թողնումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)՝ ըստ անհրաժեշտության.
  • նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բաց թողնման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (оրերով).
  • դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.
  • բժշկի անունը, ազգանունը, աշխատանքային հեռախոսահամարը.
  • բժշկի ստորագրությունը:
  1. Էլեկտրոնային դեղատոմսը, բացի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալները, պետք է պարունակի նաև.
  • ախտորոշման ծածկագիրը՝ հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն.
  • դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը՝ ըստ գրանցամատյանի.
  • պացիենտի նույնականացման քարտի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.
  • բժշկի մասնագիտացումը և էլեկտրոնային հասցեն.
  • արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ՝ փոխհատուցվող)  դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը՝ համակարգին կցելով համապատասխան փաստաթուղթը:
  1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման հավելված 2-ով հաստատված թղթային դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը.
  • N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար.
  • N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար.
  • N 3 դեղատոմսային ձև՝ փոխհատուցվող դեղերի համար.
  • N 4 դեղատոմսային ձև՝ դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար.
  • N 5 դեղատոմսային ձև՝ անասնաբուժական դեղերի համար:
  1. Դեղատոմսային ձևաթղթի վրա լրացվում են բժշկական հաստատության վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված տվյալները կամ դրվում է այդ տվյալները պարունակող դրոշմակնիք:
  2. Դեղատոմսը լրացնում է անձամբ բժիշկը հայերեն լեզվով, իսկ դեղի բաղադրակազմին, դեղաչափին, դեղաձևին և դեղատանը դեղի պատրաստմանն ու բաց թողնմանը վերաբերող մասում կարող են օգտագործվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ՝ սույն կարգի 36-րդ կետով թույլատրված լատիներեն կրճատումներով:
  3. Դեղատոմսը լրացնելիս չկիրառել կամայական կրճատումներ կամ «Հայտնի է», «Ներքին», «Արտաքին» և այլ ընդհանուր ցուցումներ:
  4. Թղթային դեղատոմսերը գրվում են ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ կարող են տպագրվել՝ պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները:
  5. Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը լրացնելու փոխարեն թղթային դեղատոմսերի համար կարող է օգտագործվել բժշկի տվյալները պարունակող դրոշմակնիք:
  6. Յուրաքանչյուր դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:
  7. Դեղատոմսում անհրաժեշտ է՝
  • կիրառել միայն արաբական թվեր՝ թվից հետո նշելով չափման միավորը (օրինակ՝ 30 մգ),
  • ընդունման հաճախականությունը նկարագրել բառերով (օրինակ՝ օրը երկու անգամ),
  • բաց թողնման ընդհանուր քանակը նշել ըստ դեղաձևի միավորների (օրինակ՝ 90 դեղահատ, 5 սրվակ),
  • թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի քանակը միաժամանակ նշել թվերով և տառերով (օրինակ՝ 20 (քսան) դեղահատ),
  • պատրաստվող դեղերի դեղագրություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի անվանումները գրել սկզբում:
  1. Դեղատոմսեր չեն գրվում բացառապես հիվանդանոցային պայմաններում կիրառվող հետևյալ դեղերի՝ կետամինի, ֆենտանիլի, թիոպենտալի, նատրիումի օքսիբուտիրատի, ալֆենտանիլի, սուֆենտանիլի և ռեմիֆենտանիլի ներարկման դեղաձևերի, ինչպես նաև բուպրենորֆինի ներքին ընդունման դեղաձևերի համար:
  2. Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին դեղերը տրամադրվում են բժշկական փաստաթղթում բժշկի կողմից կատարված նշանակման հիման վրա:
  3. Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը, պացիենտի առողջական վիճակից կախված, անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս:
  4. Բացի թմրամիջոցներ պարունակող դեղերից մնացած հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը մեկ դեղատոմսում թույլատրվում է դուրս գրել մեկ ամսվա համար անհրաժեշտ քանակով: Միայն էպիլեպսիայի դեպքում կարելի է նշանակել ֆենոբարբիտալ և կլոնազեպամ երկու ամսվա բուժման համար: Մնացած բոլոր դեղերի քանակը մեկ դեղատոմսում չպետք է գերազանցի բուժման համար անհրաժեշտ քանակը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում առավելագույնը վեց ամսվա բուժման համար անհրաժեշտ քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա կամ երկուսից երեք ձևաթղթերի վրա՝ յուրաքանչյուրը առավելագույնը երկու ամսվա համար նախատեսված  քանակներով:
  5. Փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են դուրս գրվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատության բժշկի կողմից ՀՀ օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:
  6. Փոխհատուցվող դեղեր դուրս գրելիս կատարվում է նշում զեղչի չափի մասին դեղատոմսի համապատասխան հատվածներում (100%, 50%, 30%):
  7. Բազմակի բաց թողնման անհրաժեշտության դեպքում N4 և N5 դեղատոմսային ձևաթղթի համապատասխան հատվածներում կատարվում է նշում նույն քանակով դեղի բաց թողումների թվի մասին (երկու անգամ կամ երեք անգամ), կամ դեղատոմսը  դուրս է գրվում երկու կամ երեք օրինակից՝ ստորագրելով բոլոր օրինակները:
  8. Բազմակի բաց թողնման ենթակա չեն թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը, դեղանյութերը, համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը, իմունաբանական և ռադիոակտիվ դեղերը, ինչպես նաև փոխհատուցվող դեղերը:
  9. Դեղատանը պատրաստվող դեղերի դեղագրություններում չեն կարող դուրս գրվել հետևյալ դեղանյութերը.
  • համակարգային ազդեցությամբ հակաբակտերիային, հակամիկոբակտերիային և ուռոլոգիայում կիրառվող հակավարակային դեղանյութեր.
  • անաբոլիկներ և սեռական հորմոններ.
  • համակարգային ազդեցությամբ գլյուկոկորտիկոիդներ:
  1. Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով՝ Օրենքի 25 –րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան: Դեղի առևտրային անվանմամբ դեղատոմս դուրս գրելը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Թղթային դեղատոմսի դեպքում հիմնավորումը նշվում է դեղատոմսի դարձերեսին, իսկ էլեկտրոնային դեղատոմսի դեպքում այդ նպատակի համար առանձնացված դաշտում:
  2. Դեղատոմսային ձևաթղթի վրա գրված դեղի վերաբերյալ տվյալները նույնությամբ գրանցվում են բժշկական փաստաթղթերում, որոնք պահպանվում են բժշկական հաստատությունում: Փաստաթղթերում անհրաժեշտ է նշել նաև պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին դեղատոմսը տրամադրելու, փոխհատուցման կամ բազմակի բաց թողնման մասին, ինչպես նաև  ներառել դեղը առևտրային անվանմամբ բաց թողնելու հիմնավորումը:
  3. Դեղատոմսային ձևաթղթի վրա թույլատրվում է լրացնել, տեղադրել կամ նշել միայն սույն կարգով սահմանված տեղեկությունները:
  • Թղթային դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև փոխհատուցվող (այդ թվում՝ կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության ճանապարհով ստացված) դեղի դեղատոմսը ստորագրությամբ հաստատվում է նաև բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենին փոխարինող անձի կողմից: Մի քանի օրինակից դուրս գրվող դեղատոմսերի առաջին օրինակի և պատճեն(-ներ)ի  վրա պետք է առկա լինի բժշկի բնօրինակ ստորագրությունը:
  1. Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է N 1, N 2 և N3 ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերն ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դուրս գրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի հիմքը և չափը (տոկոսով), դեղատոմսի համարը, բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:
  2. Մատյանները պահպանվում են վերջին գրանցումը կատարելուց հետո 5 տարի ժամկետով:
  3. Դեղատոմսերը ուժի մեջ են դուրս գրման օրվանից հետևյալ ժամկետներում.
  • Թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղի դեղատոմսը՝  10 օր.
  • փոխհատուցվող դեղի դեղատոմսը՝ 30 oր.
  • միանվագ բաց թողնման դեղի դեղատոմսը՝ 30 օր.
  • բազմակի բաց թողնման դեղի դեղատոմսը՝ 180 օր:
  1. Դեղատոմսը տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին՝ միաժամանակ տեղեկացնելով դեղատանը դեղը համարժեք դեղով փոխարինելու հնարավորության մասին և կամ հիմնավորելով տվյալ առևտրային անվանմամբ դեղն ընդունելու հանգամանքը:
  2. Թղթային դեղատոմսը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դուրս է գրվում նոր դեղատոմս «Կրկնօրինակ» հավելյալ գրառումով կամ դրոշմակնիքով՝ այդ մասին նշում կատարելով բժշկական փաստաթղթում (պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ):
  • Դեղատոմսը գրելու ժամանակ թույլատրվում է կիրառել հետևյալ լատիներեն կրճատումները.
Լատիներեն կրճատումը Ամբողջական բառը Հայերեն թարգմանությունը
aa ana – ական, հավասար
ac. acid. acidum թթու
amp. ampulla ամպուլ
aq. aqua ջուր
aq. destill. aqua destillata թորած ջուր
but. butyrum յուղ (կարծր)
comp., cps., cp.| compositus (a,um) բարդ
D. Da  (Detur, Dentur) տուր
D.S. Da, Signa տուր նշիր
D.t.d. Da tales doses տուր այդպիսի դեղաչափեր
Dil. dilutus նոսր
extr. extractum հանուկ
f. fiat  (fiant) թող դառնա
gtt. gutta, guttae կաթիլ(-ներ)
inf. infusum ջրաթուրմ
in amp. in ampullis ամպուլներում
in tabl. in tab(u)lettis դեղահաբերով
lin. linimentum հեղուկ քսուք
liq. liquor հեղուկ
M. Misce, Misceatur խառնիր
N. Numero թվով
Ol. oleum յուղ (հեղուկ)
pulv. pulvis փոշի
past. pasta մածուկ
p.aeq partes aequales հավասար մասեր
ppt., praec. praecipitatus նստեցված
q.s. quantum satis որքան անհրաժեշտ է
r., rad. radix արմատ
Rp. Recipe վերցրու
Rep. Repete, Repetatur կրկնիր
rhiz. rhizoma կոճղարմատ
S. Signa, Signetur նշիր
sem. semen սերմ
simpl. simplex պարզ
sir. sirupus օշարակ
sol. solutio լուծույթ
sp. spiritus սպիրտ
supp. suppositorium դեղամոմ
tabl. tab(u)letta դեղահատ
t-ra, tinct.,   tct tinctura ոգեթուրմ
ung. unguentum քսուք
vitr. vitrum սրվակ

III.ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՇԽՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

  1. Դեղատոմսային ձևաթղթերը տպագրվում են 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) թղթի վրա: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Բոլոր ձևաթղթերի տառերը և գծերը սև են:
  • N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) վարդագույն թղթի վրա: N 1 ձևաթուղթն ունի սերիա և համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս թմրամիջոց պարունակող դեղի» գրառման տակ: Սերիան սկսվում է հայերեն այբուբենի «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումը սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: N1 ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից: Առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են:
  • N 2 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է երկնագույն թղթի վրա: N 2 ձևաթուղթն ունի սերիա և համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի» թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) գրառման տակ: Սերիան սկսվում է հայերեն այբուբենի «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումը սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: N2 ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից: Առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են: Դեղի դուրս գրումը և բաց թողումը նույն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), իրականացնելու դեպքում կիրառվում է N 2 դեղատոմսային ձևաթուղթը, որը համապատասխանում է սույն կետի նկարագրությանը, սակայն տպագրվում է սպիտակ թղթի վրա և  չունի պատճեն:
  • N 3 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է բաց կանաչ գույնի թղթի վրա: N 3 դեղատոմսային ձևաթուղթն ունի համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս փոխհատուցվող դեղի» գրառման տակ:  Համարը յոթանիշ թիվ է, համարակալումը սկսվում է աջից ձախ` 0000001-ից: N 3 դեղատոմսային ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան  վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից, առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են: Դեղի դուրս գրումը և բաց թողումը նույն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), իրականացնելու դեպքում կիրառվում է N 3 դեղատոմսային ձևաթուղթը, որը համապատասխանում է սույն կետի նկարագրությանը, սակայն տպագրվում է սպիտակ  թղթի վրա և  չունի պատճեն:
  1. N 4 դեղատոմսային  ձևաթուղթը  տպագրվում է  սպիտակ թղթի վրա՝ առանց սերիայի և համարի:
  2. N 5 դեղատոմսային ձևաթղթի վերին հատվածի կենտրոնում անմիջապես «դեղատոմս» բառի տակ գրվում է «անասնաբուժական դեղի» բառերը:
  3. Բազմակի բաց թողնման համար N 4 և N 5 դեղատոմսային ձևաթղթի վրա առանձնացվում է դաշտ՝ համապատասխան նշում կատարելու համար:
  4. N 1 դեղատոմսային ձևաթղթերը տպագրում և բժշկական հաստատությանը տրամադրում է  նախարարությունը` կենտրոնացված կարգով:
  5. N 2, N3, N 4 և N 5 դեղատոմսային ձևաթղթերի տպագրությունը բժշկական հաստատությունը կամ անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերն ապահովում են ինքնուրույն:
  6. N 1 դեղատոմսային ձևաթղթերի պաշարը բժշկական հաստատությունում չպետք է գերազանցի երեք ամսվա պահանջարկը:
  7. Յուրաքանչյուր բժշկական հաստատություն նշանակում է պատասխանատու անձ՝ N 1, N2 և N3 դեղատոմսային ձևաթղթերի ստացման, պահպանման, պաշարների լրացման և հաշվառման համար:
  8. Դեղատոմսային ձևաթղթերի համար պատասխանատու անձը ձևաթղթերն ու դրանց հաշվառման մատյանները պահում է փակվող (կողպվող) մետաղական (չհրկիզվող) պահարանում:
  9. N 1, N 2 և N 3 դեղատոմսային ձևաթղթերի հաշվառումն իրականացվում է ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը պետք է համարակալվեն, կարվեն և հաստատվեն ղեկավարի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դեղատոմսային ձևաթղթի սերիան (N 1 և N 2 ձևաթղթի), հերթական համարը, ստացման ամսաթիվը, ձևաթուղթը բժշկին հանձնելու ամսաթիվը, քանակը, ում է տրվել (բժշկի անունը, ազգանունը), ձևաթուղթը ստացող բժշկի ստորագրությունը: Մատյանները ենթակա են պահպանման 5 տարի՝ դրանցում վերջին գրանցումը կատարելուց հետո:
  • Տարին մեկ անգամ բժշկական հաստատությունը ստուգում է դեղատոմսային ձևաթղթերի փաստացի առկայությունը և ծախսը` ըստ հաշվառման գրքում պատասխանատու անձի կատարած գրանցումների: Գրքային մնացորդի և փաստացի առկայության անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ: Կորստի դեպքում ակտի մի օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
  1. Ստացած դեղատոմսային ձևաթղթերը բուժաշխատողները պետք է պահեն դրանց պահպանվածությունն ապահովող պայմաններում:

  1. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ

  1. Անասնաբուժական դեղի դեղատոմսը գրվում է համապատասխան ցուցումների առկայության դեպքում անասնաբուժական գործունեության իրավասություն ունեցողի անձի կողմից: Դուրս գրված դեղի վերաբերյալ  տվյալները գրանցվում են  անասնաբուժական փաստաթղթերում, որոնք պահպանվում են երեք տարի:
  2. Անասնաբուժական դեղատոմսը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
  • անասնաբուժական գործունեություն իրականացնողի անունը, ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը (թղթային դեղատոմսերի համար կարող է օգտագործվել նույն տվյալները պարունակող դրոշմակնիք).
  • դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.
  • կենդանու տիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
  • կենդանու տեսակը, ցեղատեսակը, սեռը, քաշը, տարիքը.
  • նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմը և պատրաստման ու բաց թողնման ցուցումները, ինչպես նաև նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման ուղին, ժամանակը, հաճախականությունը և տևողությունը (оրերով).
  • դեղի բաց թողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ):
  1. Դեղատոմսի դուրս գրման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սույն կարգով սահմանված պահանջները:
  2. Գյուղատնտեսական կենդանիների բուժման նպատակով թույլատրվում է դուրս գրել բժշկության մեջ կիրառվող համակարգային ազդեցությամբ ստորև նշված հակամանրէային դեղերը միայն այն դեպքում, երբ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով այլընտրանքային դեղերը բացակայում են. 3-րդ, 4-րդ և 5-րդ սերնդի ցեֆալոսպորիններ, գլիկոպեպտիդներ, մակրոլիդներ և կետոլիդներ, պոլիմիքսիններ, քվինոլոններ, ամինոգլիկոզիդներ, անսամիցիններ, կարբապենեմներ և այլ պենեմներ, գլիցիկլիններ, լիպոպեպտիդներ, մոնոբակտամներ, օքսազոլիդիններ, հակապսևդոմոնալ  պենիցիլիններ, հակամիկոբակտերիային դեղեր:
  3. N 5 դեղատոմսային ձևաթղթի վրա թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր և դեղանյութեր դուրս չեն գրվում:
  4. Անասնաբուժական դեղերի դեղատոմսերը ուժի մեջ են. միանվագը՝ 30 օր, բազմակին՝  180 օր:

 

          

  1. ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄԸ ԴԵՂԱՏՆԻՑ

 

  1. Բոլոր դեղատոմսային դեղերը դեղատնից բաց են թողնվում սույն որոշմամբ հաստատված ձևերի դեղատոմսերով, որոնք դուրս են գրվել սույն կարգին համապատասխան:
  • Դեղատոմսում սույն կարգով սահմանված տվյալների առկայության դեպքում թույլատրվում է դեղեր բաց թողնել նաև արտերկրում դուրս գրված դեղատոմսերով՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և դեղանյութերի ու փոխհատուցվող դեղերի: Դեղագետը կարող է պահանջել դեղատոմսի թարգմանություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  1. Սույն կարգով սահմանված որոշ տվյալների բացակայության և(կամ) սխալների և(կամ) ուղղումների և(կամ) անհամատեղելի բաղադրատարրերի առկայության դեպքում դեղատան աշխատակիցը դեղատոմսը դուրս գրող բժշկի կամ անասնաբույժի հետ ճշտելուց հետո կարող է դեղը բաց թողնել: Բաց թողնվող դեղի քանակի սխալների և(կամ) քանակի ուղղումների դեպքում դեղատոմսը դեղատան աշխատակցի կողմից ճանաչվում է անվավեր և բժշկին կամ անասնաբույժին տեղեկացվում է նոր դեղատոմս դուրս գրելու անհրաժեշտության մասին:
  2. Դեղը բաց թողնելիս դեղատոմսի դարձերեսին նշվում է բաց թողնված դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաց թողնման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը և ստորագրվում բաց թողնողի կողմից:
  3. Դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և դեղանյութեր դուրս գրելու դեպքում արգելվում է դրա առանձին բաց թողնելը:
  4. Դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմում, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղագրության մեջ միանվագ բարձրագույն դեղաչափը գերազանցող քանակով դուրս գրելու դեպքում, դեղը պատրաստվում և բաց է թողնվում միանվագ բարձրագույն դեղաչափի կեսի հաշվարկով:
  • Դեղատանը պատրաստվող դեղի դեղագրության մեջ էթիլ սպիրտի կոնցենտրացիայի բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել դրա 70 %-ոց լուծույթը:
  1. Այն դեպքում, երբ դեղի դուրս գրված քանակը չի համապատասխանում գործարանային փաթեթում առկա միավորների թվին, ապա հնարավոր է խախտել գործարանային փաթեթը՝ լրացնելու համար պակաս միավորները կամ դեղը ձեռք բերողի համաձայնությամբ տրամադրել ավելի քիչ միավորներ պարունակող փաթեթ՝ դեղատոմսի դարձերեսին նշելով բաց թողնված քանակը:
  2. 65-րդ կետում նշված և գործարանային փաթեթը խախտելու անհրաժեշտության  այլ դեպքերում դեղատան աշխատակիցը բաց թողնվող քանակը փաթեթավորում է նոր տարայում՝ հաշվի առնելով դեղի պահման առանձնահատկությունները (պոլիէթիլենային տոպրակ, կիսահերմետիկ փաթեթ, սրվակ և այլն) և պիտակավորում` նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), դեղատան անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար առավելագույնը 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բաց թողնելու ամսաթիվը: Պահանջի դեպքում նոր փաթեթն ապահովվում է ներդիր թերթիկով:
  3. Դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու կամ բազմակի բաց թողնման դեպքում մնացած քանակները կարող են շարունակաբար տրամադրվել նույն դեղատնից՝ դեղատոմսի դարձերեսին նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաչափը,  բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները:
  4. Դեղատունը, առևտրային անվանումով դեղի վերաբերյալ բժշկի պատճառաբանված հիմնավորման բացակայության դեպքում, դեղ ձեռք բերող անձին պարտավոր է ներկայացնել դեղատանը առկա նույն բաղադրատարր(եր)ը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն, այդ թվում` գների մասին, առանց ուղղորդման,
  5. Փոխհատուցվող դեղերի բաց թողնումն իրականացվում է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փոխհատուցման և հատկացման կարգով:
  6. Դեղատանը պատրաստված դեղը ենթակա է բաց թողնման Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան փաթեթավորվելուց, պիտակավորվելուց և մակնշվելուց հետո:
  7. Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում է դեղի առևտրային անվանումը, դեղաչափը,  բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները:
  8. Այն դեպքում, երբ դեղատոմսում նշված դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու պատճառով բացակայում է դեղատանը, դեղատան աշխատակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ սահմանած կարգով նախարարությունից նախնական թույլտվություն ստանալու դեպքում մատակարարների հետ պարզում է ներմուծման հնարավորությունները: Դեղը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներմուծվելուց հետո տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին:      Նախարարության կողմից նախնական թույլտվության կամ մատակարարից ներմուծում իրականացնելու վերաբերյալ մերժում ստանալու դեպքում դեղատան աշխատակիցը տեղեկացնում է բժշկին՝ բուժման հետագա ընթացքը որոշելու համար:
  9. Դեղը բաց թողնելիս անհրաժեշտ է տրամադրել բանավոր տեղեկություններ՝ Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեղատնային գործունեությանը ներկայացվող պահանջների համաձայն:
  10. Ապահովագրական ընկերությունների պահանջի դեպքում բաց թողնված դեղի վերաբերյալ դեղատունը տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ:

VI .ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԴԵՂԱՏԱՆԸ

  1. Բոլոր թղթային դեղատոմսերը, այդ թվում` անվավեր ճանաչված, պահվում են դեղը բաց թողած դեղատանը՝ ըստ բաց թողնման ամսաթվերի, սույն կարգի 76-րդ կետով սահմանված ժամկետներում, դրանց պահպանվածությունը ապահովող պայմաններում:
  2. Դեղատոմսերի պահպանման ժամկետներն են.
  • N 1 և N 2 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 10 տարի.
  • N 3 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 5 տարի.
  • N 4 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 180 օր.
  • N 5 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 180 օր:
  1. Պահման ժամկետը հաշվարկվում է դեղը բաց թողնելու օրվանից:
  2. Պահման ժամկետը լրանալուց հետո դեղատոմսերը ենթակա են ոչնչացման` այրման կամ սարքի միջոցով մանրացման ճանապարհով, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:

ԿԱՐԳ

ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

  1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի շարժը ենթարկվում է փաստաթղթային հաշվառման` քանակային արտահայտությամբ (կգ, գ, մլ, տուփ, հատ), ըստ անվանումների:
  2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի հաշվառման համար դեղատանը վարվում է անվանաքանակական հաշվառման կարված, համարակալված և ղեկավարի ստորագրությամբ հաստատված գիրք (այսուհետ` հաշվառման գիրք), որը պահպանվում է տասը տարի` դրանում վերջին գրառումը կատարելուց հետո:
  3. Յուրաքանչյուր դեղի յուրաքանչյուր դեղաձևի, դեղաչափի, թողարկման ձևի և յուրաքանչյուր դեղանյութի համար հաշվառման գրքում առանձին էջ է հատկացվում: Հաշվառման գրքի էջը կազմված է հետևյալ մասերից` «ամսվա սկզբի մնացորդ», «մուտք», «ծախս», «ամսվա վերջի մնացորդ», «փաստացի մնացորդ»:
  4. «Մուտք» մասում գրիչով նշվում է ստացված քանակը` ըստ առանձին հաշիվ-ապրանքագիր նշելով փաստաթղթի համարն ու ամսաթիվը:
  5. «Ծախս» մասում գրիչով գրանցվում է ամեն օրվա վերջում` տվյալ օրվա ընթացքում փաստացի իրացված դեղերի և անհատական դեղատոմսերի համաձայն դեղերի պատրաստման համար ծախսված դեղանյութերի քանակները:
  6. «Ամսվա վերջին մնացորդը» որոշվում է հաշվարկային եղանակով` ապրանքային հաշվեկշռի բանաձևով` Մվ=Մսկ+Մա-Ծա, որտեղ` Մվ-ն մնացորդն է ամսվա վերջում, Մսկ-ն մնացորդն է ամսվա սկզբում, Մա-ն մուտքն է ամսվա ընթացքում, Ծա-ն ծախսն է ամսվա ընթացքում:
  7. «Փաստացի մնացորդը» տվյալ ամսվա համար որոշվում է դեղատանը փաստացի առկա մնացորդների հիման վրա և գրանցվում հաշվառման գրքում:
  8. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դեղատան նյութական պատասխանատու անձը համեմատում է փաստացի մնացորդը դրանց ամսվա վերջին հաշվառման գրքի մնացորդի հետ: Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն ‘անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
  9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերի համար կազմվում է արձանագրություն, որը պահպանվում է դեղատանը` 10 տարի ժամկետով:
  10. Փոխհատուցվող դեղերի հաշվառումն իրականացվում է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել