Տուգանքների ավելացում՝ վարորդների համար. պատգամավորները նոր նախագիծ են ներկայացրել

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Շաքե Իսայանը նոր նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարել փոփոխություններ:

Պատգամավորները առաջարկում են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մեքենան հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար սահմանել 30 հազար դրամի չափով տուգանք՝ նախկին 15 հազարի փոխարեն:

Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և  եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում է 0.5 միլիգրամը՝ նրան տուգանել 250 հազար դրամի չափով՝ նախկին 150 հազար դրամի փոխարեն:

Իսկ նշված չափաքանակը գերազանցելու համար սահմանել 300 հազար դրամի չափով տուգանք՝ նախկին 200 հազար դրամի փոխարեն:

Հիմնավորման մեջ պատգամավորները նշել են. «Տարեցտարի Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը աճում է, եւ վիճակագրության համաձայն յուրաքանչյուր տարի ավելանում է նաեւ դրանց հետեւանքով զոհված եւ վիրավորված մարդկանց թիվը:

Պրակտիկայում, ինչպես նաեւ օրենսդրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները դիտարկվում են որպես անզգուշությամբ կատարված հանցագործություններ: Սակայն տրանսպորտային միջոցը վարորդի կողմից ալկոհոլի, թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ազդեցությամբ վարելը կատարվում է ուղղակի դիտավորությամբ եւ ավտովթարի արդյունքում ծանր հետեւանքների առաջացումը նշված պայմաններում դիտարկվում է որպես ծանրացուցիչ հանգամանք:

Գործող օրենսդրության պայմաններում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում համապատասխան հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները, առաջացնում է տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված արարքը կատարելիս եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, առաջացնում է տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ բազմաթիվ կոպիտ խախտումների հիմնական պատճառ է հանդիսանում վարորդների կողմից օգտագործումը: Կարծում ենք, որ տուգանքների չափերի բարձրացումը եւ պատասխանատվության խստացումը կնվազեցնի կոպիտ խախտումների թիվը, եւ սրանով է պայմանավորված տուգանքի չափերը համապատասխանաբար 250.000 եւ 300.000 ՀՀ դրամ սահմանելու առաջարկի ներկայացումը:

Եթե «Հոծ գիծ»-ը տրորելը կարող է պայմանավորված լինել տվյալ պահին ճանապարհատրանսպորտային ստեղծված իրավիճակով, այն կարող է լինել անզգուշության հետեւանք կամ իրավիճակից բխող հարկադրական մանեւր, ապա տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը վարորդների կողմից կատարվում է ուղղակի դիտավորությամբ: Բացի այդ սա տրանսպորտային միջոցի վարորդի կողմից անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ:

Նման պայմաններում հետիոտնը ստիպված ոչ սահմանված վայրով կարող է դուրս գալ երթեւեկելի ուղեմաս՝ վթարային իրավիճակ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակիցների համար:

Գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար սահմանված է 15.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Փորձը ցույց է տալիս, որ ներկայիս տուգանքի չափը բավարար չէ եւ չի նպաստում նման խախտումների թվի նվազեցմանը, ուստի կարիք կա տուգանքի շեմը բարձրացնել՝ սահմանելով 30.000 ՀՀ դրամ:

Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ ոլորտի բոլոր խնդիրները լուծում չեն ստանում, սակայն ակնկալվում է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու եւ  տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար վարչական պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ իրավախախտումների թվի նվազմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել