Առկա խնդիրների լուծման համար առաջարկվում է վարկային պատմության մասին տեղեկատվությունը ստանալ կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հասցեականությունը մեծացնելու  և դրանցից օգտվելու համար դիմելու գործընթացի պարզեցնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` համակարգը ընդհանուր բարեփոխման շրջանակում դիտարկելու մասին հանձնարարականով: Հիմնավորման համաձայն՝ անապահով ընտանիքներից անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և դրանցում առկա տվյալների վերլուծությունը խնդրահարույց է: Մասնավորապես՝ ներկայումս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների թիվը շուրջ 220.000 է: Այսինքն՝ վերջիններս ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող օգնություններից օգտվելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ, դիմում ներկայացնելու, այնուհետև տեղեկանք ստանալու համար, պետք է ներկայանան առևտրային բանկ, ինչն արդեն իսկ հանգեցրել է դժգոհությունների աճի և առևտրային բանկերում հերթերի կուտակումների: Առավել խնդրահարույց է գյուղական բնակչության կողմից տեղեկանքների ստացումը, քանի որ վերջիններս այդ նպատակով այցելում են առևտրային բանկի գնտվելու վայրի համայնք: Ներկայացվող տեղեկանքները թղթային են և հանրապետության 55 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հավաքված տեղեկանքներում առկա տվյալների ուսումնասիրությունը իրատեսական չէ:

Բնակչության վարկային պարտավորությունների և ունեցած ավանդների վերաբերյալ տվյալների մշակումը, ուսումնասիրությունը, վերլուծությունը և դրա հիման վրա համապատասխան առաջարկի մշակման գործընթացն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել կենտրոնացված` էլեկտրոնային տեղեկատվության հիման վրա: Ըստ այդմ՝  առկա խնդիրների լուծման համար առաջարկվում է վարկային պատմության մասին տեղեկատվությունը ստանալ կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից, միաժամանակ` ապահովելով քաղաքացու գրավոր համաձայնությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար` դրանով իսկ կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերից օգտվելու համար դիմելիս անապահով ընտանիքներից հնարավորինս քիչ տեղեկանքներ ներկայացնելու գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել