Ոստիկանները հանցավոր խումբ են բռնել. ոստիկանություն

Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս:

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց:

Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երևանցիներ՝ 21-ամյա Էրիկ Տոնոյանը, 32-ամյա Էդգար Սարգսյանը, 24-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, 32-ամյա Արամ Իսունցը և 25-ամյա Սուրեն Մուսինյանը:
Նույն օրը առավոտյան նրանք գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին:

Պարզվեց նաև, որ գողությունը կատարելուց հետո նրանք փախել են Սուրեն Մուսինյանի «Օպելով»: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են արել նաև Վաղարշապատի, Մասիսի և Արտաշատի նույն բջջային օպերատորի սպասարկման կենտրոններից:

Մասնավորապես. 2019 թ. մարտի կեսերին Վաղարշապատի սպասարկման կենտրոնից գողացել են 18 հեռախոս և հաջորդ օրը վաճառել 280 հազար դրամով: Դրանից հետո գողություն են արել Մասիսի և Արտաշատի սպասարկման կենտրոններից, և գողացված հեռախոսները Երևանում 800 հազար դրամով վաճառել Վրաստանի մի քաղաքացու: Այս գումարը ևս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ և նույն խանութից նույն կերպ գողացել հեռախոսներ, որոնք դարձյալ վաճառել են նույն անձին:

Ընդ որում, ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր անգամ, նախքան գողությունը, խումբը գտել է նույն մակնիշի և նույն գույնի ավտոմեքենա, հափշտակել համարանիշերը, տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշերը, ձեռնոցներն ու դիմակները:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները և յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել