Կառավարությունը կհաստատի քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը

Փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը:

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքեր են համարվում՝

1) քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.

2) քաղաքացուն սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.

3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:

  1. Սույն կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում (այսուհետ՝ համապատասխան բնագավառներ) պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:
  2. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված՝

1) պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա, կամ

2) գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառների հեղինակավոր մասնագետների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների անհատական կամ կոլեկտիվ միջնորդությունների (այսուհետ՝ միջնորդություն) հիման վրա:

  1. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը կամ միջնորդությունը պետք է պարունակեն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված բացառիկ դեպքերի հիմնավորումները, իսկ եթե առկա են այդ հիմնավորումները հաստատող փաստաթղթեր, ապա դիմումին կամ միջնորդությանը կցվում են նաև այդ փաստաթղթերը, ընդ որում միջնորդությանը պարտադիր կցվում է քաղաքացու գրավոր համաձայնությունը՝ իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Դիմումը կամ միջնորդությունը կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ստացված դիմումը կամ միջնորդությունը սահմանված կարգով գրանցվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում, որի մասին 3-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց): Սույն կարգի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված դիմումը կամ միջնորդությունը ենթակա չէ հետագա ընթացքավորման և մերժվում է՝ այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու պատճառը:
  2. Ստացված դիմումի կամ միջնորդության շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից կարող է առաջարկվել դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ ներկայացնելու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմաններին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում ստացված դիմումը կամ միջնորդությունը քննարկվում է դիմումը կամ միջնորդությունը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը կամ միջնորդությունը կարող է մերժվել՝ եթե քաղաքացին չի բավարարում սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմանները, այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու հիմքերը:
  3. Ստացված դիմումի կամ միջնորդության քննարկման շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
  4. 8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկումը (քվեարկությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշմամբ սահմանված կարգով: Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմին, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմին և դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել