Ես հիմա քայլում եմ փողոցով ու չգիտեմ՝ տեղ կհասնեմ, թե՝ ոչ. Զարուհի Մեջլումյան

Պետական վերահսկողական ծառայության մամուլի քարտուղար և ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը հերքում է այն լուրը, որ ինքը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց Զարուհի Մեջլումյանը:

Նա նշում է, որ այս ընթացքում միայն  10 օր չվճարվող արձակուրդում է գտնվել, սակայն հիմա շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Զարուհի Մեջլումյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև այն հարցին, որ ոստիկանությունը մերժել էր քրեական գործի հարուցումը՝ իր ներկայացրած հաղորդման հիման վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 13-ին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 111-րդ հոդվածի (ինքնասպանության հակելը), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով:

«Ես այս ամենը համարում եմ հետապնդում, իմ ընտանիքը հետապնդվում է: Այստեղ կա հանցակազմ, որը չի դիտարկվել որտիկանության կողմից՝ իմ հաղորդում ներկայացնելուց հետո: Մենք բողոքարկելու ենք մերժումը: Իմ նկատմամբ հետապնդումը կատարվում է անձնական գործով պայմանավորված: Ես չունեմ իրավական պաշտպանության որևէ մեխանիզմ: Ես հիմա քայլում եմ փողոցով ու չգիտեմ՝ տեղ կհասնեմ, թե՝ ոչ»,-նշեց Զարուհի Մեջլումյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել