Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զ-ն 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։ Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Ա-ի միջնորդությամբ։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս։
Բացի այս, Արտյոմ Զ-ն դարձյալ իր ծանոթ Արսեն Ա-ն միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ՝ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ Արտյոմ Զ-ն 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.950.500 դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Ա-ն միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։ Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188.000.000 դրամ է։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ ոստիկանության