Բաղրամյան 26-ից գողացված հուշամեդալները վերադարձվել են

ՀՀ  Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:

Այս մասի տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ  անհայտ անձը Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը  տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն):

Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել են դատամատնադրոշմային և դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել 2 տասնյակից ավել անձինք:

Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել