Պաշտպանից հրաժարվելը

Գիտենք, որ քրեական գործով պաշտպանը իրավունք չունի հրաժարվելու անձի պաշտպանությունից, երբ արդեն ստանձնել է նրա պաշտպանությունը: Սակայն պաշտպանյալը կարող է հրաժարվել պաշտպանից:

 

Եվ այսպես` պաշտպանից հրաժարվելը նշանակում է կասկածյալի կամ մեղադրյալի մտադրությունը` իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության: Պաշտպանից հրաժարվելու մասին կասկածյալի կամ մեղադրյալի հայտարարությունն արտացոլվում է արձանագրության մեջ:

 

Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան: Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում (մասնավորապես` երբ մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է, կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է, դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում և այլն) քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:

 

Պաշտպանից հրաժարվելու պահից կասկածյալը և մեղադրյալը համարվում են իրենց պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող, որը տվյալ դեպքում իրավունքներից չի զրկում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հետագայում նշանակված կամ քրեական գործով վարույթին մասնակցելուց չազատված պաշտպանին թույլատրել մասնակցելու վարույթին:

 

Պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումն այդ առիթով: Տվյալ դեպքում, նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել