Երևանի գլխավոր ճարտարապետը «ալարել է կարդալ», իսկ Կարինե Դանիելյանն ու փոխնախարարը` «չեն ալարել»

Այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որոշմամբ Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների և նախագծերի նշակման նպատակով մայիսին ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկման էր ներկայացված «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծը և Փոքր կենտրոնի և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների սահմաններում ընդգրկված տարածքի սահմանագծերի (Հատուկ կարգավորման գոտի) որոշման հարցը:

 

Այսօրվա նիստին աշխատանքային խմբի անդամներից բացի հրավիրված էին «Հանուն կայուն մարդկային զարգացման», «Էկոլոգիական կենսակայունություն» հասարակական կազմակերպությունների ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության դեպարտամենտի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը վարչապետի որոշմամբ ղեկավարում է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, իսկ աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ և ավագանու անդամներ, մշակույթի նախարարության աշխատակազմի, «Հայաստանի ճարտարապետների միության», «Հայնախագիծ» ԲԲԸ-ի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի», «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի, “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչներ:

 

Աշխատանքային խմբի ղեկավար քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը նիստի ընթացքում ներկայացրեց հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները, որոնցում ամփոփվել էին աշխատանքային խմբի անդամների կողմից օրենքի նախագծում ներառելու համար ներկայացված առաջարկությունները: Ըստ աշխատանքային խմբի ղեկավարի` գրեթե միասնական կարծիք կա «Փոքր կենտրոնի» նկատմամբ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ ճանաչելու, գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները վերանայելու, հանրային օգտագործման կանաչ տարածքները պահպանելու, բարեկարգելու և ընդարձակելու, կառուցապատման գործընթացներում հանրային կարծիքը հավուր պատշաճի ներառելու ու հնարավոր վիճահարույց հարցերի կարգավորման մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ: Կարևոր նշանակություն է տրվում նաև հուշարձան շենքերի և դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին ձևավորված բարձրարժեք շարքային կառուցապատման պահպանմանը, ինչպես նաև «Փոքր կենտրոնի» բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի («կանաչ ճարտարապետության») ուժեղացմանը, գեղագիտական միջավայրի կատարելագործմանը և այլն:

 

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան և կարծիքներով փոխանակվեցին աշխատանքային խմբի անդամները և հրավիրված անձինք:

 

Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հ.Պողոսյանը իր խոսքում կարևորեց հանրային լսումների դերը քաղաքում կառուցապատման թույլատվություն տրամադրելու գործում: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կ.Դանիելյանը մեջբերեց «ՕՐՀՈՒՍԻ» կոնվենցիան, որով ոչ միայն սահմանվում է, այլև պարտադիր է հասարակության մասնակցությունը գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին: Երևանի գլխավոր ճարտարապետ Ն.Սարգսյանը կատակեց, թե` ՕՐՀՈՒՍԻ ժամկետը չի՞ անցել, որին ի պատասխան քաղաքաշինության փոխնախարար Ռ.Ալավերդյանը պատասխանեց, որ կոնվենցիան ժամկետ չունի, եթե կարդացած լիներ կոնվենցիան, ապա տեղյակ կլիներ դրա մասին, և հումորով ավելացրեց. «Դուք ալարել եք կարդալ, իսկ ես չեմ ալարել»:

 

Նիստի ավարտին որոշվեց «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծի առնչության աշխատանքային խմբի անդամներից ստացված առաջարկություններն ու կարծիքները վերջնական ամփոփելուց և շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:

Ավելացնենք, որ աշխատանքային խմբի գործունեությունը տարվում է առավելագույնս թափանցիկ: Աշխատանքային խմբի ստեղծման որոշման ընդունումից անմիջապես հետո քաղաքաշինության նախարարության պաշտոնական www.mud.am կայքում տեղադրվել է հայտարարություն` ուղղված բոլոր շահագրգիռ անձանց, իրենց նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Ընդ որում, ինչպես աշխատանքային խմբի անդամների, այնպես էլ ստացված բոլոր առաջարկությունները ևս տեղադրվել են նույն կայքում: Օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ուսումնասիրվել և վերլուծվել են բոլոր առաջարկները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել