Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի սպանության գործով դատավարությունը։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը սկսեց խնդրահարույց մի հարցով․ նախորդ դատական նիստին վկաներից մեկը հայտնել է, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստայանն իր հարևանն է, ով այժմ Ռուսաստանում է և դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ 1957 թվականին ծնված և այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով սակայն 1956 թվականին ծնված և մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։
Դատավարության մասնակիցների մոտ շփոթ էր առաջացել այս վկայի ինքնության հարցի վերաբերյալ և թե ինչպես պետք է նրա ներկայությունն ապահովվի դատարանում։
Այնուհետև դատարան բերվեց ներկայումս կալանքի տակ գտնվող մեկ այլ վկա, ով որպես ընթերակա ներկա է եղել գործով ապացույց ճանաչված ավտոմեքենայի խուզարկությանը։ Ընթերակա Հայկ Սարգսյանը դատարանում հայտարարեց, թե ոչինչ չի հիշում, նույնիսկ չի հիշում՝ արդյո՞ք ներկա է եղել այդ գործողությանը, թե՝ ոչ։ Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերին ի պատասխան ասաց, թե վերջին շրջանում իր կյանքում այնքան բան է կատարվել, որ դա չի կարող հիշել (աշխատել է քրեակատարողական հիմնարկի նախ հացի փռում, այնուհետև որպես անվտանգության աշխատակից, իսկ ներկայումս կալանավոված է):
Դատարանը, ի վերջո հայտարարեց․ «Ի՞նչ անենք, արձանագրենք, որ հիշողությունը կորցրել է, չի հիշում»։
Մեղադրող կողմը սակայն ներկայացրեց նրան արձանագրություններում դրված իր ստորագրությունը և հարցրեց, թե արդյոք դա իր ստորագրությունը չէ։ Վկան հաստատեց, որ փաստաթղթում իր ստորագրությունն է։ Սակայն պաշտպանի հարցերին ի պատասխան, չասաց, թե ինչ է գրված եղել, ինչ ծավալով։
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին։ Նախատեսվում է, որ այս նիստին պետք է ապահովվի Յուրի Գալստյանի ներկայությունը դատարանում։