Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 26-ին, շարունակվեց քրեական հեղինաություն Լեւոն Ղազարյանի ( Երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադևոսյանի ՝ (Դրո) և Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատավարությունը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Ամբաստանյալների փաստաբաններից Լուսինե Սահակյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ պետք է մասնակցեր այլ դատական նիստի՝ Կենտրոնի նստավայրում։ Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 3-ին, ժամը 16։30։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մերի Մնոյան