Ի ՞ նչ է անհիմն հարստացումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են անհիմն հարստացման հետևանքով:
Նույն օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերով ուրիշի անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:
Նշված հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ անհիմն հարստացման պարտավորության կողմերից մեկը պետք է առանց բավարար հիմքի հարստացած լինի մյուս կողմի հաշվին, իսկ մյուս կողմն ունենա նրանից հարստացում պահանջելու իրավունք: Տվյալ պարագայում անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին` մեկ կողմը հարստացած լինի մյուս կողմի հաշվին, երկրոդ` նման հարստացումը տեղի ունենա օրինական հիմքի բացակայության դեպքում:
Նշված պահանջով դատարան դիմած անձի պահանջի հիմնավորվածությունը հաստատելու համար էական ապացուցման ենթակա փաստ է համարվում այն, թե արդյոք տեղի է ունեցել հարստացում, այսինքը պատասխանողը հարստացել է հայցվորի հաշվին և եթե այո, ապա որքան է կազմում հարստացման իրական չափը, տվյալ դեպքում դրամական միջոցները, ինչպես նաև էական ապացուցման փաստ է համարվում այն, թե արդյոք նման հարստացումը տեղի է ունեցել օրինական հիմքի բացակայության դեպքում:
Անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է ներքոհիշյալ հետևյալ պայմանների միաժամանկյա առկայությունը.
ա. անձը /ձեռքբերողը/ այլ անձի /տուժողի/ հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռքբերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ.
բ. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել