Մշակույթի նախարարությունը ուսումնասիրել է թատրոնների տոմսերի վաճառքի շուկան և նկատել, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ բացակայում է վերահսկողության իրականացման մեկ միասնական համակարգը։ Ըստ նախարար Արմեն Ամիրյանի՝ հրամայական է շուկան կենտրոնացնել, քանի որ տոմսերի վաճառքի գործընթացի և, առհասարակ, շուկայի նկատմամբ իրականացվող վերահսկողության աստիճանն ուժեղ չէ, ինչն էլ հնարավորություն է ստեղծում տոմսերի վերավաճառքի կամ չհիմնավորված գնային աճի իրականացման համար: Արդյունքում, նախարարի փոխանցմամբ՝ առաջանում են հարկ վճարողների կողմից որոշակի անվերահսկելի գործողությունների, ստվերային քաղաքականության վարման, սպառողների շփոթեցման, ինչպես նաև տոմսի արժեքի անհիմն թանկացման հետ կապված մի շարք խնդիրներ:
Առկա հիմնահարցերը լուծելու և ոլորտը բարեփոխելու նպատակադրմամբ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ նաև իրականացվող Ինստիտուցիոնալ վարչարարության միջոցառումների շրջանակներում, նախաձեռնեց ստեղծել և ներդնել էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական ավտոմատացված համակարգ, որի միջոցով նախատեսվում է կարգավորել տոմսերի վաճառքի շուկան և էլեկտրոնային համակարգի ՀՀ ՊԵԿ-ի տեղեկատվական բազային ինտեգրմամբ առավելագույնս նվազեցնել տոմսային տնտեսության վարման հետ կապված հարկային դաշտում առաջացող ռիսկերը: Այս համակարգի միջոցով հնարավոր կլինի հստակեցնել և միասնական առցանց բազայի միջոցով կարգավորել, կառավարել և վերահսկել տոմսերի գնման գործընթացը և դրան վերաբերող ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մշակել և ստանալ մանրամասն վիճակագրություն իրականացված վաճառքի ծավալների և նշված համակարգին միացած յուրաքանչյուր տնտեսվարողի գործողությունների մասին:
Նշված միասնական համակարգի ներդրման նպատակով հնարավոր է որդեգրել 2 տարբերակ՝
- Առաջին՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ
- Երկրորդ՝ մասնավոր ներդուրմների ներգրավմամբ:
Գնահատելով բոլոր հնարավոր հետևանքները, վերլուծելով դրանց ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով միասնական համակարգի համար ներդրման նախնական հաշվարկներով կանխատեսվող արժեքը /500 000 – 1 000 000 ԱՄՆ դոլար/, առավել հիմնավորված է մասնավոր ներդրողի ներգրավմամբ միասնական համակարգի կիրառման տարբերակը: Նախագծի իրականացման արդյունքում ստեղծվող, գործարկվող և սպասարկվող համակարգը իրենից ներկայացնելու է համապարփակ լուծում, որը հնարավորություն է տալու համախմբել և միավորել ՀՀ-ում գործող մի քանի տեսակի (թատերահամերգային, թանգարանային, սպորտային և ժամանցային) կազմակերպություններ՝ մեկ միասնական պրոցեսինգային կենտրոնի միջոցով:
Նախագծով առաջարկվում է գործընթացն իրականացնել նախաորակավորման հայտարարություն հրապարակելու միջոցով և ներկայացված հայտերի գնահատման ու բանակցությունների վարման արդյունքում գնման հրավերը տրամադրել միայն նախաորակավորված մասնակիցներին:
Հաղթող ճանաչված կազմակերպությանը կառաջարկվի կնքել պայմանագիր, որի նախատեսված պայմաններով կապահովվի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև պատասխանատվությունը համակարգի հետագա բարելավման և վերազինման համար: Նախագծով հաստատվում է նաև «ԷՏՏՀՄԱՀ» ստեղծման և ներդրման ժամանակացույցը:
Նախարար Ամիրյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշումից հետո մրցույթ կհայտարարվի։ Գործադիրը գերատեսչության նախագիծը հաստատեց։
Իրավաբան.net