Արդյո՞ք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված 30-օրյա ժամկետը բաց թողնելը հիմք է սեփականության իրավունքի գրանցումը մերժելու համար

Ինչպես գիտենք, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
«Ինչպես տեսնում ենք, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի` գույքի նկատմամաբ իրավունքների պաետական գրանցման ենթարկելու մասին համապատասխան հոդվածի միջև առկա են որոշակի հակասություններ, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ենթարկելու կոնկրետ ժամկետ չի նշում` սահմանելով, որ պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
Օրենքը, ինչպես արդեն նշվեց, սահմանում է կոնկրետ ժամկետ` իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` այս հարցի շուրջ իր դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը:
Վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ նշված հակասությունը դատարանի և պետական մարմնի կողմից որևէ պարագայում չպետք է մեկնաբանվի ի վնաս մասնավոր անձի։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված «գործարքի (պայմանագրի) կնքման օր (պահ)» արտահայտության տառացի նշանակության հարցում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը ստորադաս է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նկատմամբ և պետք է համապատասխանի վերջինիս, իսկ նշված օրենքի 24-րդ հոդվածում նշված՝ «գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում» արտահայտությունը կարող է մեկնաբանվել միայն դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ՝ հիմք ընդունելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված դրույթը։
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել