ՊՈԱԿ-ի տնօրեն Դ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդգրկված լինելով Գավառի զինկոմիսարիատի զորակոչիկների բժշկական ստուգում անցկացնող հանձնաժողովի կազմում ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը լուծելու պատրվակով, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, զորակոչիկի հայր Ա.Գ.-ի վստահությունը չարաշահելով նրանից ստացել է խոշոր չափի 611 370 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար ու խարդախոիթյամբ հափշտակել այն:
Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գավառի զինկոմիսարիատի զորակոչիկների բժշկական ստուգում անցկացնող հանձնաժողովի անդամ Դ.Գ.-ին տվել է խոշոր չափի 611370 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար իր որդու օգտին կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող հետազոտման ակտ տալու համար:
Գործը քննել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա. Պետրոսյանի նախագահությամբ:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Արագացված դատաքննության կարգ սահմանելու դեմ մեղադրողը չի առարկել։
Արդյունքում դատարանը վճռել է Դ.Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հազարապատկի՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ նկատի ունենալով, որ Դ.Գ.-ն մի քանի ամսին գտնվել է նախնական կալանքի տակ, վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Ա.Գ.-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատկի՝ 300.000 ՀՀ դրամի չափով:
Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, դեռ որոշում չկա: