Օսկանյանին՝ որպես մեղադրյալ ներգրավվելու դեպքում, չեն կալանավորի կամ ձերբակալի

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ գլխավոր Աղվան Հովսեփյանի միջնորդությաունօ՝ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ տեղեկացրեց պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կարգը: Ապա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ներկայացրեց միջնորդությունը: «Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Վերջինիս խոսքով՝ միջնորդագրում հարցը վերաբերում է Վարդան Օսկանյանին միայն որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավվելուն, ոչ թե կալանավորելուն կամ ձերբակալելուն:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Աղվան Հովսեփյանին, թե միջնորդությունում «Սիվիլիթաս» հիմնադրամին գումար փոխանցած կազմակերպության կարծիքը չկա, մինչդեռ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը սահմանում է, որ յուրացումը կամ վատնումը հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունն է: Իսկ այդ միջնորդությունում ուրիշը՝ գումարը փոխանցած կազմակերպությունը, չի բողոքում: Դատախազի խոսքով՝ նախաքննական մարմինը գործը հարուցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նյութական շահերը, միջոցները պաշտպանելու նպատակով: Այս պահին ԱԺ-ում մեկժամյա ընդմիջում է հայտարավել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Աժ, ըստ որի` ցանկանում է համաձայնություն ստանալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործում  որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Տեղեկացնենք, որ պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու  համար համաձայնություն տալու կարգը  սահմանում է ԱԺ կանոնակարգը: Ըստ որի`

1. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու մասին միջնորդությունը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին եւ ապահովում միջնորդությանի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Ազգային ժողովում միջնորդությունը քննարկվում է հետեւյալ տարբերությամբ՝

ա) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը եւ միջնորդությունում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.

բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

գ) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդության նշված պատգամավորը եւ Գլխավոր դատախազը:

3. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդության նշված պատգամավորը նիստին ներկա չէ (սահմանված կարգով գրանցված չէ), եւ նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

4. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Տեսանյութը՝ շուտով:

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել