Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին կետով ու 123-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետն ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։
Իրավաբան.net-ի ընթերցողներին պարզաբանենք ՀՀ վարչապետի վերոհիշյալ որոշման իրավական ձևակերպումները: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր», այսինքն «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից Հակոբ Բեգլարյանի աշխատանքից ազատումը կատարվել է անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով:
Ըստ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի. «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»: «Վստահությունը կորցնելու» սահմանումը տրված է ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 122-րդ հոդվածում, որի 1-ին կետի համաձայան «Գործատուն իրավունք ունի սույն oրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս»: Այսինքն, այս դեպքում Հակոբ Բեգլարյանի կողմից պետական գնումների ոլորտում կատարվել է այնպիսի արարքներ, որի հետևանքով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կրել է նյութական վնաս:
Նյութական վնասը պետք է լինի առարկայական և չափելի, որը պետք է արտացոլված լինի այս գործով Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գրության մեջ:
ՀՀ աշխատանքայի օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին 6-րդ կետը սահմանում է, որ աշխատողի վստահությունը կորցնելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու`առանց աշխատողին ծանուցելու, որը հիմք ընդունելով առանց ծանուցման կատարվել է Հակոբ Բեգլարյանի աշախատանքից ազատումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետը սահմանում է, որ Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կենտրոնի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ըստ այս կետի սահմանվում է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետին աշխատանքից ազատելու ՀՀ վարչապետի իրավասությունը, որն էլ կիրառվել է վարչապետի կողմից:
Վերջին և հիմնական բաց հարցը, որ մնում է այս գործում, հետևյալն է. Որքա՞ն է կազմում Գնումների աջակցման կենտրոնի նախկին պետի կողմից պետությանը պատճառված նյութական վնասի չափը և արդյո՞ք կատարված օրինախախտումների համար նա ենթարկվելու է պատասխանատվության, թե ոչ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net