Անմեղսունակներն ազատվու՞մ են քրեական պատասխանատվությունից

Հանցանք կատարած անձը, որպես կանոն, ենթակա է քրեական պատասխանատվության, մինչդեռ, քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն`քրոնիկ հոգեկան հիվանդության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չի կարողացել գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:
Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ`պատժի ենթակա չէ այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության (անգործության) փաստացի բնույթը ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից:
Որպես կանոն, այդպիսի անձի նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո կարող է ենթարկվել պատժի:
Արա Ղարագյոզյանի խոսքով`անմեղսունակության վիճակը պարզվում է դատահոգեբանական փորձաքննության հիման վրա:
Դատահոգեբուժական փորձաքննությունը նախ պարզում է անձի հոգեբանական հիվանդության փաստը, իսկ այնուհետև բժշկական այդ չափանիշերի հիման վրա պարզվում է նաև հոգեբանական (իրավաբանական) չափանիշի առկայության կամ բացակայությունը:
Այսպիսով, անձին անմեղսունակ ճանաչելու համար անհրաժեշտ է պարզել երկու չափանիշերի (բժշկական և իրավաբանական) առկայությունը:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել