Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից

Հեղինակային իրավունքը որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը:
Եթե Դուք գրականության, գիտության, արվեստի բնագավառներում ստեղծել եք որևէ ստեղծագործություն, ապա համապատասխան ստեղծագործության նկատմամբ կարող է ճանաչվել Ձեր հեղինակային իրավունքը:
Անկախ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստեղծված հեղինակային ստեղծագործությունների նկատմամբ տարածվում են ՀՀ օրենսդրության նորմերը:
«ՀՀ օրենքի դրույթները կիրառվում են նաև այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը։
Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
Իսկ ե՞րբ է սկսում գործել հեղինակային իրավունքը:
Գոհար Կոստանյանի փոխանցմամբ` ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից` անկախ դրա լույս ընծայումից: Բանավոր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է այն երրորդ անձանց հաղորդելու պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել