Ինքնակամ զավթված անտառային հողերը ենթակա են վերադարձման` առանց կատարված ծախսերի հատուցման

Նկատի ունենալով անտառների և ընդհանրապես բնության դրական ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվություն անտառային օրենսդրության խախտման համար:
Իսկ ինչպիսի գործողություններ չի կարելի կատարել, և ինչ պատասխանատվություն է նախատեսված նման խախտումների համար:
Անտառային օրենսդրության խախտման դեպքերն են`
ա) անտառների սեփականության իրավունքը խախտելը.
բ) անտառային հողերում ծառերն ու թփերը հատելը և արմատախիլ անելը.
գ) հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելը.
դ) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը.
ե) անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, կենցաղային մնացուկներով և արտադրական թափոններով աղտոտելը.
զ) անտառները ոչնչացնելը կամ վնասելը.
է) անտառավերականգնման կարգը և ժամկետները խախտելը.
ը) անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելը, այդ հողերում ծառերն ու թփերն արմատախիլ անելը, ճանապարհների, խողովակաշարերի, շենքերի և շինությունների կառուցումը, հանքերի շահագործումը, բնափայտի մթերումը և այլ նպատակներով օգտագործումը, անտառային տարածքներն ինքնակամ զավթելը.
թ) անտառային հողերում ինքնակամ խոտհունձը և արածեցումը.
ժ) անտառային հողերի բերրի շերտը վնասելը կամ ոչնչացնելը, անտառներում սանիտարական կանոնները խախտելը.
ժա) անտառօգտագործման, անտառավերականգնման և անտառապատման կարգը խախտելը.
ժբ) ոռոգման համակարգը վնասելը.
ժգ) անտառային հողերում ճահճակալած տարածքները, դրենաժային չորացման առուների համակարգերը, ինչպես նաև ճանապարհները վնասելը կամ ոչնչացնելը.
ժդ) ինքնակամ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելն անտառային այն տարածքներում, որտեղ դա արգելվում է.
ժե) վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելու ժամկետները և եղանակները խախտելը.
ժզ) անտառի կենդանական աշխարհի օբյեկտներին վնաս հասցնելը.
ժէ) անտառային հողերում սահմանափակող անտառաշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը.
ժը) առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը.
ժթ) ջրերն աղտոտելու հետևանքով անտառային տնտեսությանն էական վնաս պատճառելը.
ի) քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելը և այլ խախտումներ:
Անտառային օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Անտառային օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով խախտումները վերացնելու և հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:

Ինքնակամ զավթված անտառային հողերը ենթակա են վերադարձման` առանց կատարված ծախսերի հատուցման:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել