Ով չի սիրում դիտել բովանդակալից և հետաքրքիր ֆիլմեր: Եթե ֆիլմն իրոք հաջողված է, ապա այն տարիների ընթացքում չի կորցնում իր արժեքը և հանդիսատեսների բանակը, ընդհակառակը` առավել արժեքավոր է դառնում:
Իսկ ովքեր իրավունք ունեն հեռարձակել, տարածել, վարձույթով տալ այս կամ այն ֆիլմը:
Նախ պետք է իմանալ, որ «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն` «ֆիլմ» նշանակում է տեսալսողական ստեղծագործություն կամ շարժվող պատկերներ՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` շարժվող պատկերներն ստեղծագործական աշխատանքի արդյունք չեն և հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում։
Իսկ ով է ձեռք բերում իրավունքներ ֆիլմի նկատմամբ:
Գոհար Կոստանյանի փոխանցմամբ` այն ֆիզիկական և իրավաբանական անձը, ում նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ առաջին անգամ ամրագրվել է ֆիլմը, իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր ամրագրումը և ամրագրման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝
ա) ամրագրման բնօրինակի կամ օրինակների ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.
բ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը.
գ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը.
դ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը.
ե) ամրագրման հեռարձակումը.
զ) ամրագրումը հանրությանը մատչելի դարձնելը։
Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստած ամրագրման օրինակների ներմուծումը:
Ֆիլմի առաջին ամրագրման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի:
Աղբյուրը`Իրավաբան.net