Զինվորին ճիշտ բուժօգնություն ցույց չեն տվել և նա մահացել է. փաստաբան

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի գործով տուժող կողմը վերաքննիչ բողոք էր բերել, որպեսզի բեկաներ Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի՝ ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի նկատմամբ գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

Վերաքննիչ դատարանը որոշել էր գործը ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով քննություն իրականացնելու նպատակով: Տուժողի իրավահաջորդ՝ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռևս հստակ չէ բողոքի ճակատագիրը. «Նախ պետք է վարույթ ընդունվի, հետո նոր վճռաբեկ դատարանում քրեական պալատի կազմը գործը քննի: Գործը նախագահում է նիստերի պալատի նախագահը, եթե այդ պահին քաղաքից չի բացակայում»,- ասաց փաստաբանը:

Ըստ պարոն Շուշանյանի՝ տուժող կողմն իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, սկսած նախաքննության փուլից. «Հիմնական խախտումները հետևյալն են՝ զինծառայողին պատշաճ, ճիշտ ու արդյունավետ բուժօգնություն չի ցուցաբերվել, ինչը անմարդկային վերաբերմունքի դրսևորում է, որը հանգեցրել է նրա մահվան»:

Շուշանյանը հավելեց նաև, որ նախաքննական մարմինը, ինչպես նաև դատարանները պատշաճ քննություն չեն կատարել՝ մեղավորներին բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձինք, չէին ձեռնարկել համապատասխան բժշկական միջոցառումներ ջրծաղիկով հիվանդ զինծառայողին համապատասխան օգնություն ցույց տալու համար, որը առաջացրել էր զինծառայող Հայկ Խաչատրյանի մահը:

Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել