Հայցի ապահովման միջոցը իրենից ներկայացնում է նախականխիչ գործողություն կամ միջոցառում, որի նպատակն է ապահովել դատական ակտի հետագա կատարման հնարավորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:
Հայցի ապահովման միջոցներն են.
- պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը,
- պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը,
- այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը,
- գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը,
- պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:
«Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում: Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց: Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում» – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net