Քրեական գործով պաշտպանից (փաստաբանից) հրաժարվելը նշանակում է կասկածյալի կամ մեղադրյալի մտադրությունը` իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության: Պաշտպանից հրաժարվելու մասին կասկածյալի կամ մեղադրյալի հայտարարությունն արտացոլվում է արձանագրության մեջ:
«Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները` կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր, այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան»,-ասում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Ըստ իրավաբանի` այս նորմի իմաստն այն է, որ անձը սկզբնապես պետք է ունենա պաշտպան, ով իրեն կբացատրի իր իրավունքները, պաշտպանից հրաժարվելու հետևանքները, և եթե մեղադրյալը ամեն դեպքում չցանկանա ունենալ պաշտպան, կարող է հրաժարվել վերջինից:
Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ:
Եթե օրենքով պաշտպան ունենալը պարտադիր է, քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:
Սերինե Խաչատրյանի խոսքով` պաշտպանից հրաժարվելու պահից կասկածյալը և մեղադրյալը համարվում են իրենց պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող, որը տվյալ դեպքում իրավունքներից չի զրկում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հետագայում նշանակված կամ քրեական գործով վարույթին մասնակցելուց չազատված պաշտպանին թույլատրել մասնակցելու վարույթին:
Պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումն այդ հարցով: Տվյալ դեպքում նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net