Քրեադատավարական օրենսգրքի համաձայն` քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:
Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:
«Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Վկան նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:
Առերեսման կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը հարցեր է տալիս: Առերեսման կանչված անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց»,-հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:
Իրավաբանի խոսքով` օրենքով նախատեսված դեպքերում առերեսմանը կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը և հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը:
Ըստ Սերինե Խաչատրյանի` քննիչը առերեսման մասնակիցներին ծանոթացնում է արձանագրության բովանդակությանը: Հարցաքննված անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ կատարելու ուղղումներ և լրացումներ: Առերեսման արձանագրությունն ստորագրում են քննիչը և հարցաքննվող անձինք: Յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները և արձանագրության ամեն մի էջը:
Արձանագրությունն ստորագրելուց հարցաքննվողների հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե հարցաքննվողը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net