Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով: Դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը` մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանմամբ` ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի և քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածները նախատեսում են կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը:
«Իսկ Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որով նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել է այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»,- նշում է իրավաբանը:
Քրեական հետապնդման մարմնի`գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործի նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ որոշ սահմանված դեպքերի:
Արա Ղարագյոզյանի խոսքով` դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործի հարուցումը կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարղ է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդումը չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացնել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net