Այս տարի փողերի լվացման դեպքերն ավելացել են

Վերջին 6 ամսվա ընթացքում գրանցվել է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտի օրինականացման (փողերի լվացման) 16 դեպք` 14-ով ավելի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Գրանցված 16 դեպից 3-ը բացահայտված չէ: Այս մասին նշվում է ՀՀ դատախազության հանցավորության վերաբերյալ հրապարակած վիճակագրական տվյալներում:
Փողերի լվացումը դասվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի` հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապա պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` սույն օրենսգրքի
55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

Իսկ եթե վերը նշված դեպքերի մասով նախատեսված արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

Տեղեկացնենք, որ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): Իսկ Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել