Ամուսնական արարողության ժամանակ հաճախ է պատահում, երբ կինը իր ընտրությամբ վերցնում է ամուսնու ազգանունը՝ հրաժարվելով սեփականից։
Ամուսինների ազգանվան ընտրության իրավունքը սահմանված է ՀՀ Ընտանեկան օրենսգրքով, որը թույլ է տալիս ամուսիններին, ըստ իրենց ցանկության, մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն, կամ պահպանել մինչամուսնական ազգանունը։
Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը, կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:
Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։
Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։
Ինչպես ամուսինները ազատ են ազգանուն ընտրելու հարցում , այնպես էլ ՀՀ ընտանեկան օրենսդրությանը համաձայն ընտանիքում պետք է լինի ամուսինների իրավահավասարություն։ Ընտանիքում ամուսինների իրավահավասարությունը լիարժեք ընտանիք ունենալու գրավականներից մեկն է։ Այս հարցին է անդրադառնում ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 24-րդ հոդվածը, որը սահմանում է ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում։
Համաձայն այդ հոդվածի ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։
Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։
Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից